Յարոսլավլի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեխա է մահացել, ծնողները հիվանդանոցում են

Յարոսլավլի մարզում ավելի 30 ԱԹՍ է չեզոքացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Յարոսլավլի մարզում երեխա է մահացել, նրա ծնողները ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։
«Վնասվել են մի քանի բնակելի տներ և առևտրային օբյեկտ։ Ցավոք, կան զոհեր և տուժածներ։ Մահացել է մի երեխա, որը հարձակման պահին եղել է Յարոսլավլի շրջանի բնակելի առանձնատներից մեկում։ Նրա ծնողները ծանր վիճակում հոսպիտալացվել են»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։
Եվրաևը նշել է, որ մարզի ուղղությամբ ավելի քան 30 թշնամական ԱԹՍ-ների հարձակում է հետ մղվել։
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի ՀՕՊ ուժերն այս գիշեր 155 ուկրաինական ԱԹՍ են խոցել Բրյանսկի, Լենինգրադի, Սմոլենսկի, Բելգորոդի, Կուրսկի, Պսկովի, Կալուգայի, Տվերի, Վորոնեժի, Ռոստովի, Ռյազանի, Օրյոլի, Տուլայի, Յարոսլավլի, Նովգորոդի, Մոսկվայի մարզերի տարածքում և Ղրիմում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։