Իրանի կայունությունից է կախված աշխարհի ապագա քարտեզը. տնտեսագետը բացատրել է շահերի բախումը

«Բուշեր» ատոմակայանը
Տնտեսագետ Ավետ Ադոնցի համոզմամբ` տեխնոլոգիական նոր դարաշրջանի առաջատարը կլինի նա, ով այսօր կկարողանա իր վերահսկողության տակ առնել հազվագյուտ մետաղների համաշխարհային պաշարների գերակշիռ մասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանն Իրանից ոչ միայն ապրանքներ էր ներկրում ու ձգտում փոխադարձ առևտուրը հասցնել 1 մլրդ դոլարի, այլ նաև Իրանով այլ երկրներից էր ապրանք բերում, օրինակ, Հնդկաստանից, այդ թվում` ռազմամթերք և այլն։ Հետևաբար եթե Իրանում ու Մերձավոր Արևելքում պատերազմը երկարի, ապա անկասկած վատ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։
«Պարզ է, որ հիմա այդ ապրանքները կբերվեն արդեն Փոթիով կամ այլ ճանապարհներով։ Ապրանքների դեֆիցիտ գուցե չառաջանա, բայց սա անկասկած ազդելու է գների վրա»,– ասում է Ադոնցը։
Տնտեսագետը նկատում է, որ հատկապես վերջին տարիներին հայաստանյան ձեռնարկատերերը կարողացել են լավ դիրքեր գրավել Իրաքում, ԱՄԷ–ում, Սաուդյան Արաբիայում և իրենց բիզնեսը ծավալել, հեռանկարային ներդրումներ կատարել այդ երկրներում։ Պարսից ծոցի երկրներն էլ Հայաստանում են ներդրումներ ու առևտուր անում` դուրս գալով նաև Հնդկաստան կամ այլ երկրներ։
Մյուս կողմից, նրա խոսքով, Իրանի կայունությունը կենսական նշանակություն ունի նաև Ռուսաստանի համար, քանի որ Իրանը Ռուսաստանի համար անփոխարինելի ճանապարհ է դեպի համաշխարհային շուկաներ։ «Տարեկան մոտավորապես 15 միլիոն տոննա ռուսական բեռ է անցնում Իրանով։ Եվ, իհարկե, Ռուսաստանը չի կարող կորցնել այդ հնարավորությունը։ Այնպես որ, սա միայն Միացյալ Նահանգներ–Իսրայել-Իրան հակամարտություն չէ։ Դրանում այս կամ այն կերպ ներգրավված են նաև Ռուսաստանը, Չինաստանը»,– ասում է Կարեն Ադոնցը։
Իրանի դեմ պատերազմը սպառնում է համաշխարհային առևտրին և էներգետիկ անվտանգությանը. Լավրով
ԱՄՆ–ի ու իր դաշնակիցների նպատակը, մեր զրուցակցի դիտարկմամբ, ոչ միայն Ռուսաստանի ճանապարհը փակելն է, այլև Իրանի տարածքով Կենտրոնական Ասիայի տարածաշրջան սեփական մուտքն ապահովելը, հատկապես` այդ տարածաշրջանի հազվագյուտ մետաղներով հարուստ ընդերքը հաշվի առնելով։
Ինչ վերաբերում է Թրամփի ուղուն, այն, Կարեն Ադոնցի համոզմամբ, ԱՄՆ–ի համար որևէ իրական արժեք ու հետաքրքրություն չի ներկայացնում, հենց միայն այն պատճառով, որ չի փակում Ռուսաստանի ճանապարհը։
«Թրամփի ուղին երբեք չի եղել ԱՄՆ–ի համար ո՛չ առաջնային, ո՛չ էլ անգամ երկրորդական տարբերակ։ Այն ունի մեկ նպատակ. Ադրբեջանի հիմնական տարածքը միացնել Նախիջևանի հետ։ Այլ հարց սրա հետ կապված չկա, քանի որ, եթե այն ի վերջո դուրս է գալիս Կասպից ծով, ապա հնարավոր չէ շրջանցել Ռուսաստանը»,– նկատում է տնտեսագետը։
Իրանն ու տարածաշրջանը այսօր հայտնվել են այս բոլոր աշխարհաքաղաքական ծրագրերի ու շահերի բախման կիզակետում։ Եվ, մեր զրուցակցի համոզմամբ, Իրանի կայունությունից ու դիմադրողականությունից է կախված ոչ միայն այն, թե ինչպես կզարգանա աշխարհն առաջիկա մի քանի տարիներին, այլև թե ընդհանրապես ինչ տեսք կունենա աշխարհի քաղաքական քարտեզն Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո։ Իսկ պատերազմը, նրա կանխատեսմամբ, շատ երկարել չի կարող` առավելագույնը 2 տարի։ Քանի որ աշխարհը կանգնած է համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխության շեմին և գերտերությունները ժամանակ չունեն կորցնելու։
Իսկ տեխնոլոգիական այդ նոր դարաշրջանի առաջամարտիկի դերի համար պատերազմն այսօր արդեն ընթացքի մեջ է։ Վաղվա առաջատարը կլինի նա, ով այսօր կկարողանա իր վերահսկողության տակ առնել հազվագյուտ մետաղների համաշխարհային պաշարների գերակշիռ մասը։
Պատերազմը շարունակվում է. համաշխարհային տնտեսության «իրանական փակուղին»