ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայտնի է դարձել իսրայելական հարվածի հետևանքով զոհված 3-րդ լրագրողի անունը` Մուհամմադ Ֆթունի։ Այս մասին գրում է RT-ն։
Նա նույն մեքենայում է եղել քրոջ՝ Ֆաթիմայի հետ, որն աշխատում էր «Al Mayadeen»–ում և համագործակցում ռուսական մի շարք հեռուստաալիքների հետ։
Իսրայելի բանակը հաստատել է, որ հարված է հասցրել լրագրողների մեքենային` հայտարարելով, որ նպատակը «Al Mayadeen»-ի լրագրող Շուայբայի ոչնչացումն էր. իբր նա աշխատել է «Հզբոլլահի» հետախուզության համար:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից ոչ մեկը չի դատապարտել Իսրայելի հարձակումը, որի հետևանքով զոհվել են «Al Mayadeen»-ի թղթակիցներ Ֆաթիմա Ֆթունին, Մուհամմադ Ֆթունին և «Al-Manar»-ի լրագրող Ալի Հասան Շուայբան։
Զոհվելուց ժամեր առաջ Ֆաթիման ռուսական «РЕН ТВ»–ին և «Известия»–ին ռազմական գործողությունների ամփոփագիր է ուղարկել Լիբանանի հարավից, որտեղ իսրայելական ուժերը փորձում են լիակատար վերահսկողություն հաստատել 30 կիլոմետրանոց գոտու նկատմամբ՝ ընդհուպ մինչև Լիտանի գետը` փաստացի կտրելով այդ հատվածը երկրի մնացած մասից։
Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։