ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Եմենի հութիները հաստատել են Իսրայելին հարված հասցնելու փաստը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Իրանի դեմ ընթացող իսրայելա-ամերիկյան պատերազմի մեկնարկից ի վեր սա հութիների առաջին հարվածն է Իսրայելին։ Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլը նշանակում է, որ նրանք հակամարտության մեջ են մտել, ինչը էականորեն մեծացնում է տարածաշրջանային ավելի լայնածավալ առճակատման վտանգը։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ աշխատում է Եմենից արձակված հրթիռները որսալու ուղղությամբ։ Խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իրանի, Լիբանանի, Իրաքի և պաղեստինյան տարածքների ենթակառուցվածքների շարունակական գնդակոծություններից հետո` շեշտելով, որ իրենց գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ագրեսիան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի հութիները երեք նախապայման են առաջ քաշել, որոնց խախտման դեպքում սպառնում են պատերազմի մեջ մտնել Իրանի կողմից` որևէ օտարերկրյա ռազմական դաշինքի ներգրավումը հակամարտության մեջ՝ հօգուտ Իսրայելի և ԱՄՆ-ի, Կարմիր ծովի ջրատարածքից Իրանին կամ մուսուլմանական այլ երկրների ուղղությամբ հարվածներ հասցնելը, Իրանի Իսլամական Հանրապետության և «Դիմադրության առանցքի»՝ Թեհրանի դաշնակից շիական զինված խմբավորումների դեմ էսկալացիայի հետագա սրումը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: