Այս իշխանությունը կա՛մ խաբում էր, կա՛մ չի կարողանում կանխատեսել. Քոչարյանը` TRIPP–ի մասին

ՀՀ 2–րդ նախագահն անդրադարձել է խաղաղության թեմային` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այն պետք է լինի երաշխավորված և կախված չլինի Նիկոլ Փաշինյանից, ՔՊ–ից, Դոնալդ Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից կամ մեկ ուրիշից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն մեր տարածաշրջանում երևացող տնտեսական շահեր չունի, և «Թրամփի ուղին» ավելի շատ կապված է Իրանի սահմանի հետ։ Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այնպիսի աղմուկ հանեցին այս նախագծի շուրջ, թվում էր` միլիարդավոր դոլարներ կգան, երկիրը կծաղկի, աշխարհի խաչմերուկ կդառնա։ Անցել է 8 ամիս, հիմա այդ նախագծի մասին ո՞վ է խոսում։ Ոչ ոք։ Մեր ունեցած կանխատեսումը, ցավոք, ամբողջությամբ իրականություն դարձավ»,– ընդգծել է նա։
Քոչարյանը հիշեցրել է, որ իրենք առաջարկում էին ընդլայնել TRIPP ծրագիրը և ներգրավել երկրներ, որոնց նկատմամբ Իրանն ունի վստահություն։
«Այդ դեպքում ծրագրի հետ խնդիր չէինք ունենա։ Առաջարկում էինք նաև Մեղրիով անցնող 42 կմ երկարությամբ հատվածը կառուցել մեր միջոցներով, այլ ոչ թե այլ երկրի տրամադրեինք մեր տրանզիտային ամենամեծ ներուժ ունեցող հողակտորը։ Հիմա կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունը կա՛մ խաբում էր, կա՛մ չի կարողանում կանխատեսել»,– նշել է ՀՀ 2–րդ նախագահը։
Նա անդրադարձել է նաև խաղաղության թեմային` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այն պետք է լինի երաշխավորված և կախված չլինի Նիկոլ Փաշինյանից, ՔՊ–ից, Դոնալդ Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից կամ մեկ ուրիշից։
«Երաշխավորված խաղաղությունը նշանակում է միջազգային մեխանիզմների կիրառում, այսպես ասած, Ալիևի կամքից դուրս։ Ի՞նչ է կատարվում հիմա։ Պարզվում է՝ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ–ն խոսում են այն մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե իրենք չվերընտրվեն։ Սա՞ է խաղաղությունը։ Ըստ էության, իրենք 7,5 ամիս ժողովրդի գլուխն էին արդուկում` խաղաղության մասին խոսելով, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունն ուղիղ կապված է ընտրությունների հետ։ Սա ի՞նչ խաղաղություն է. 7,5 ամիս հնչեցրած խաղաղության թեզը հիմա 24–ժամյա ռեժիմով քանդում են»,– նշել է Քոչարյանը։
Ըստ նրա` յուրաքանչյուր երկրի կառավարության համար թիվ մեկը հարցն անվտանգությունն է. եթե կա անվտանգություն, ապա հնարավոր է իրականացնել տնտեսական, սոցիալական և այլ ծրագրեր։
«Եթե չկա անվտանգություն, երկիրը խրվում է խնդիրների մեջ, ներդրումային միջավայրը միանգամից բացասական և ռիսկային է սկսում ընկալվել։ Անվտանգությունը միայն բանակը չէ, անվտանգությունը նաև ճիշտ քաղաքականությունն է, ռազմավարական դաշնակիցներ ունենալն է, կանխատեսումներ անելն է»,– ընդգծել է ՀՀ 2–րդ նախագահը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։