ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ուկրաինացի զինվորականներն այսօր ենթադրաբար ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության հարվածային ԱԹՍ-ով հարվածել են Դոնեցկի հյուրանոցներից մեկին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի աշխատակիցը։
Հարձակման հետևանքով վնասվել է «Դրուժբա» հյուրանոցի շենքը։
«Գնդակոծության վայրում հայտնաբերվել են բեկորներ, որոնք, նախնական տվյալներով, պատկանում են ՆԱՏՕ-ի երկրների արտադրության ինքնաթիռային տիպի հարվածային ԱԹՍ-ի»,-ասել է ՌԴ ՔԿ աշխատակիցը։
Հարձակման հետևանքով վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, բազմաբնակարան բնակելի շենքեր և մարդատար ավտոմեքենաներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։