Պատմական արդյունք Հայաստանի համար. Ակոպովան և Ռախմանինը Գրան Պրիի 2 ուղեգիր են նվաճել

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Գրան Պրիի 2 ուղեգիր են նվաճել։ Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան։
Կարճ ծրագրում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը վաստակել են 67.12, ազատ ծրագրում՝ 123.34 միավոր: Ընդհանուր հաշվարկում նրանք վաստակել են 190.46 միավոր և գրավել 8-րդ հորիզոնականը:
«Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում։ Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների աշխարհի գավաթի (Գրան Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` փետրվարին Իտալիայում անցկացված ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը։