ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ցանկանում է, որ Հայաստանն ու Ղրղզստանն ավելի ակտիվ մասնակցեն միության շրջանակներում այլ երկրների հետ ծրագրերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ միության շրջանակներում իրականացվում են բազմաթիվ և տարաբնույթ նախագծեր։ «Միությունը հետաքրքրված է, որ այդ երկրների տնտեսությունները օգտվեն այլ գործընկերների հետ համագործակցությունից»,- ասել է փոխվարչապետը Ղազախստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում «Վեստի»-ին տված հարցազրույցում։
Նա հայտնել է. որ անցյալ տարի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համատեղ երեք նախագիծ է ֆինանսավորվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Խոսքն արագընթաց երկաթուղիների, գյուղատնտեսական տեխնիկայի և կոմունալ մեքենաշինության ոլորտում իրականացվելիք նախագծերի մասին է։
«Սրանք բոլորը բավական իրատեսական նախագծեր են, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների։ Անցյալ տարի քննարկվող նախագծերի ընդհանուր թիվը հինգի էր հասնում։ Այժմ դրանք ավելի շատ են, պարզապես այդ թիվը հստակ չեմ հիշում», – ասել է Օվերչուկը։
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտնել էր, որ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ ոչ հումքային ոչ էներգետիկ արտահանման ծավալի աճն անցյալ տարի 20% է կազմել։