ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Կրեմլը ԱՄՆ-Իրան բանակցությունների մանրամասները չգիտի։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հաջող բանակցությունների և խաղաղ կարգավորման մեծ հավանականության մասին։ Նա նաև ասել էր, որ Թեհրանի խնդրանքով կարգադրել է Իրանի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածները հետաձգել մինչև ապրիլի 6-ը։
Իրանական կողմը այս հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։
«Մենք այդ բանակցությունների (ԱՄՆ-ի և Իրանի միջև. խմբ.) մանրամասները չգիտենք, բայց եթե խոսքը ռազմական գործողությունների դադարեցումը մոտեցնելու մասին է, ապա դա կարելի է միայն ողջունել», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: