ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանում զարգանում է ներկերի արտադրության մեջ քարհանքերի թափոնների կիրառումը։
Օրերս Երևանում կայացած «Կովկաս. շինարարություն և ինտերիեր» ցուցահանդեսի շրջանակներում «Բերդ» ընկերության որակի գծով մենեջեր Վահե Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն մի քանի տարի է, ինչ որպես լցանյութ օգտագործում են տրավերտինի տեղական հանքերի թափոնները։
Հաշվի առնելով ՀՀ-ում վերջին տարիների շինարարության ծավալները՝ տեղական ներկերի գործարանները (թե՛ խոշորները, թե՛ համեմատաբար փոքրերը) մեծացրել են արտադրության ծավալները։ Բայց նույնիսկ այս պարագայում, ըստ Գասպարյանի, հանքերից իրենց այնքան հումք են փոխանցել, որը կբավականացնի մի քանի տարվա աշխատանքի համար, և սա այնտեղ կուտակված թափոնների միայն չնչին մասն է։
«Այլ թափոնների հետ աշխատելու ծրագրեր դեռևս չունենք, բայց հեռանկարում դա չենք բացառում»,-ավելեց նա։
Նշենք, որ մի քանի տարի առաջ Sputnik Արմենիան անդրադարձել էր ներկերի ձեռագործ արտադրությանը (խոսքը ոչ թե լցանյութերի, այլ բուն ներկող նյութերի՝ պիգմենտների մասին էր)։