ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանում հեղեղումների վտանգ չկա, չնայած գետերի մակարդակների բարձրացմանը` ցիկլոնի ֆոնին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը։
«Ջրի մակարդակի բարձրացում կա, բայց այն չի ուղեկցվում հեղեղումներով, այսինքն` երբ գետը հունից դուրս է գալիս ու հարակից տարածքները լցվում։ Մարտի 28-29-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Տեղումներ կդիտվեն միայն Գեղարքունիքում և Սյունիքի առանձին հատվածներում: Այնպես որ՝ հեղեղումների վտանգ չկա»,– ասաց Միսակյանը։
Նա ընդգծեց, որ նույնիսկ գիշերը ջրի վտանգավոր բարձր մակարդակ չի եղել, քանի որ բարձր լեռնային շրջաններում տեղումները թափվել է ձյան տեսքով: Ինչ վերաբերում է ցիկլոնին, ապա այն արդեն աստիճանաբար հեռանում է Հայաստանից։
Նրա խոսքով` հարավային ցիկլոնի ներթափանցման պատճառով հանրապետության ողջ տարածքում մարտի 26-ի երեկոյից սկսած դիտվել են տեղումներ, սակայն առավել ինտենսիվ են եղել Սյունիքի մարզում` մարտի 27-ի գիշերը ՝ ժամը 3:00-ից մինչև առավոտ: Մեկ օրվա ընթացքում Կապանում տեղացել է մոտ 47 մմ տեղումներ, որը ամսական նորմայի 75%–ն է, իսկ Գորիսում տեղացել է մոտ 31 մմ տեղումներ։
«Նման ինտենսիվ տեղումներով պայմանավորված` գետերում դիտվել է ջրի ելքերի բարձրացում, առավել մեծ բարձրացում մենք ունեցել ենք Ողջի գետի ավազանում։ Համեմատության համար նշեմ, որ Կապանի հիդրոլոգիական դիտակետում եթե մենք երեկ առավոտյան ունեցել ենք 3–4 մ խորանարդ/ վայրկյան ջրի ելք, այսօր այն գրեթե 9-10 անգամ ավելի բարձր է եղել` 29–30 մ խորանարդ/ վայրկյան»,– նշեց նա։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հիդրոլոգիայի ծառայության պետը հավելեց, որ այս պահին տեղումները Կապանում և Մեղրիում արդեն դադարել են, դրանք շարունակվում են միայն Գորիսում և Սիսիանում: Գետերում ջրի բարձր մակարդակը դեռ կպահպանվի։
Նա կոչ արեց քաղաքացիներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը, «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներին և փրկարար ծառայության հաղորդագրություններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում գետերի մակարդակը բարձրացել է, ճանապարհներին առաջացել են քարաթափումներ և այլ խոչընդոտներ։Կապան քաղաքում փլուզվել էր սելավատարի պատնեշը: