ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայ մեծ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը հայ և ռուս ժողովուրդների շփման համար կենդանի խորհրդանիշ է, բայց քչերը գիտեն, որ նրա ստեղծագործությունների մեծ մասը հրատարակված չէ։ Այս բացը լրացնելու համար «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է եզակի նախագիծ, որի շրջանակում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ժողովածուի 25 հատորյակ կտպագրվի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Գրքային դիվանագիտության արդյունավետությունը միջպետական հարաբերություններում» թեմայով ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։
«Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ժողովածուի առաջին հատորն արդեն ներկայացվել է մոտ 1 ամիս առաջ Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանում։ Եկել էին մարդիկ, որոնց ծնողներն են ընկերություն արել կոմպոզիտորի հետ, այսինքն՝ միջպետական և ազգամիջյան այս հարաբերություններում Առնո Բաբաջանյանը կենդանի խորհրդանիշ է հայ և ռուս ժողովուրդների համար։ Բայց եթե մենք հարցում անենք, առավել քան վստահ եմ, որ բոլորը կթվարկեն Առնո Բաբաջանյանի փառահեղ ստեղծագործությունները՝ լինի վոկալ, գործիքային, թե նվագախմբային, բայց եթե ասենք, իսկ դուք գիտե՞ք, որ իր ստեղծագործությունների մեծ մասը արխիվներում է և ձեռագիր վիճակում, մարդիկ զարմացած մեզ կնայեն»,– նշեց Նավոյանը։
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կատարելագործմանը` նա նշեց, որ այդտեղ մեծ դեր ունի գրքային դիվանագիտությունը, որով էլ այսօր ակտիվ զբաղվում են։ Նավոյանն ընդգծեց` գաղտնիք չէ, որ ներկայիս միջազգային հարաբերությունների ազդեցության ներքո քաղաքական մակարդակներում շատ հաճախ հայ– ռուսական միջպետական պաշտոնական հարաբերություններում բարդություններ են առաջանում, և ավելի պահանջված է դառնում ժողովուրդների միջև կենդանի շփման մեխանիզմները։ Իսկ այդ շփումը պետք է հենվի ընդհանուր ժառանգության, արժեքային հենքի վրա։
Գրքային դիվանագիտություն անվանումով մեծ ծրագիրը հայ–ռուսական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլ է։
«Օրինակ` 25 հատորյակի տպագրությունն իրականացնում ենք Առնո Բաբաջանյանը հիշատակի հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Մեկ այլ ուղղություն է «Դիալոգ մատենաշարը», որի շրջանակում հայ և ռուս հեղինակների արդեն ավելի քան 10 գիրք է լույս տեսել։ Մեկ ուրիշ ուղղություն է «Литературная Армения» լեգենդար ամսագիրը, որը 2 տարուց ավելի լույս է տեսնում մեր աջակցությամբ, իսկ հրատարակվում է 1958 թվականից»,– նշեց նա։
Նավոյանի խոսքով` շատ կարևոր ուղղություն է նաև հայ–ռուսական պայմանագրերի 3–հատորանոց ժողովածուի հրատարակումը 2 լեզվով՝ հայերեն և ռուսերեն։ Աշխատանքը նախաձեռնել և իրականացրել են 4 տարի առաջ, երբ նշվում էր հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30–ամակը։ Այժմ պատրաստվում են 4–րդ հատորը հրատարակել։