ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները վերահսկելու ամերիկյան ձգտումն ակնհայտ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն, որ ԱՄՆ–ն ձգտում է վերահսկողություն հաստատել միջազգային էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ, ակնհայտ է», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Կրեմլը գազատարի նկատմամբ ԱՄՆ-ի միանձնյա վերահսկողություն հաստատելու ցանկության հարցում։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «France TV»–ին տված հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն ստանալ այդ գազատարների նկատմամբ։
Հիշեցնենք` Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիով անցնող «Հյուսիսային հոսք -1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի հետաքննող մարմինները չեն բացառել կանխամտածված սաբոտաժը:
Ռուսական կողմը բազմիցս դիմել է քննության նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, այդ հարցումները մնացել են անպատասխան: