ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ակտիվիստ Միքայել Մարգարյանը ձերբակալվել է, Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ընդ որում, Մարգարյանի որդին հայտնել է, որ իրենց տուն 20 հատուկ ջոկատայիններ են ժամանել հորը ձերբակալելու համար:
Մարտի 26–ին հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել, Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այսօր հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` այսօր խուզարկություն է իրականացվել Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ ունեցած Արսեն Վարդանյանի և Միքայել Մարգարյանի տներում։