ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 5 արաբական երկրներ իրենց տարածքը ԱՄՆ–ին են տրամադրել Իրանի վրա հարձակվելու համար։ Այս մասին գրում է «Tasnim»-ը ։
Իրանական հետախուզական ծառայություններում գործակալության աղբյուրների տվյալներով՝ խոսքը Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի մասին է:
Նույն լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Իրանի հարավում մի քանի մարդ է պայթել ականի վրա։ «Հակառակորդի ինքնաթիռները Շիրազի մոտ գտնվող որոշ շրջաններում պայթուցիկներ են նետել, որոնք թաքցված են եղել սովորական պահածոյի նմանվող թիթեղյա տարաների մեջ»,– գրում է գործակալությունը։
«Reuters»-ն էլ հայտնում է, որ Վաշինգտոնը ծովային դրոններ է տեղակայել Իրանի դեմ գործողությունների շրջանակում` չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ–ն տարիներ շարունակ փորձում է անօդաչու նավատորմ ստեղծել և անհաջողությունների է բախվում։ Գործակալության աղբյուրի տվյալով՝ վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում հերթական անհաջող փորձարկման ժամանակ վերջրյա դրոններից մեկը շարքից դուրս է եկել:
«The Wall Street Journal»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հնարավոր է` ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք ուղարկի ևս 10 հազար զինծառայող (5 հազար զինվորական արդեն իսկ տեղափոխվել է): Զորակազմի ավելացման հնարավորությունը քննարկվում է Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունների ֆոնին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: