Թրամփը պնդում է, թե Իրանն «աղաչում է գործարք կնքել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահը պատերազմ սկսելուց հետո առաջին հանդիպումն է անցկացրել կառավարության անդամների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն «աղաչում է գործարք կնքել»: Այս մասին նա ասել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, որն առաջինն էր Իսլամական Հանրապետության դեմ պատերազմ սկսելուց հետո։
«Նրանք (իրանցիները – խմբ.) հիմար չեն։ Իրականում, որոշակի իմաստով, նրանք շատ խելացի են: Նրանք պիտանի մարտիկներ չեն, բայց հիանալի բանակցողներ են և աղաչում են գործարք կնքել: Ես չգիտեմ, թե արդյոք մենք կարող ենք դա անել: Ես վստահ չեմ, թե պատրաստ ենք դրան», - ասել է նա։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոք, ով տեսել է, թե ինչ է կատարվում Իրանում, կհասկանա, թե ինչու են ձգտում պայմանավորվել։ Թեհրանում իբր խոստովանում են, որ վճռական պարտություն են կրել։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրանցիներն ասում են, որ դա իրականում աղետ է։
Այնուհետև Թրամփը հայտարարել է, թե իբր շարքից հանվել է իրանական հրթիռների արձակման կայանքների մոտ 90%-ը և, հավանաբար, հենց հրթիռների ավելի քան 90%-ը: Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ Իրանին մեղադրել է իր հրթիռային ներուժը թաքցնելու մեջ:
«Նրանց հրթիռներից մեկը թռել էր 2500 մղոն. նրանք, իբր, նման հրթիռ չունեին: Մենք իրավացի դուրս եկանք այդ հարցում... Մենք ոչնչացրել ենք նրանց պաշտպանական-արդյունաբերական բազան. նրանց ռազմածովային ուժերը փաստացի վերացված են, ավիացիան՝ նույնպես։ Հրթիռների և արձակման կայանքների զգալի մասը շարքից դուրս է բերվել։ Իսկ առանց այդ կայանքների հրթիռներն ինքնին անօգուտ են», - հավելել է նա։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ևս հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանին 15 կետից բաղկացած ցուցակ է ուղարկել՝ որպես հակամարտության դադարեցման շուրջ հնարավոր բանակցությունների հիմք: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «լուրջ նշաններ» է տեսնում, որ Իրանը պատրաստ է գործարքի գնալ հակամարտությունն ավարտելու համար:
Իր հերթին, Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ամերիկացիները կշարունակեն Իրանի հետ բանակցությունները «ռումբերի օգնությամբ»: Փիթ Հեգսեթը կարծում է, որ պատերազմը ևս բանակցություն է՝ այլ եղանակով:
Նախարարը միաժամանակ մեղադրել է Բարաք Օբամայի վարչակազմին Իրանին օգնություն ցուցաբերելու համար։ Նրա խոսքով՝ իրանական շատ ռազմական գործարաններ և բազաներ, որոնք ԱՄՆ-ն ռմբակոծում է, կառուցվել են ամերիկյան «կանխիկի մատակարարումներով», որոնք Օբաման ուղարկել էր Թեհրան:
Իրանի դեմ գործողությունը քննություն էր ՆԱՏՕ–ի համար, Վաշինգտոնը հիասթափված է. Թրամփ