ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Սև ծովում «ALTURA» լցանավը, ամենայն հավանականությամբ, հարձակման է ենթարկվել ոչ թե անօդաչու թռչող սարքի, այլ առանց անձնակազմի մոտորանավակի կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ–ները հայտնել էին, որ անհայտ ԱԹՍ–ները Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, հարձակվել են «ALTURA» լցանավի վրա, նավը վնասվել է, անձնակազմը օգնություն է խնդրել։
«Ո՛չ, խոսքն ԱԹՍ–ի մասին չէ։ Ամենայն հավանականությամբ, հարվածը հասցվել է առանց անձնակազմի նավակի կողմից, ընդ որում` միտումնավոր թիրախավորել է մեքենայական բաժինը՝ նավը շարքից դուրս բերելու համար։ Մասնագետները կպարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ամեն դեպքում արտաքին ազդեցության հետևանքով պայթյուն է գրանցվել։ Անձնակազմի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չկան, բոլորը թուրք են։ Մենք մասնագետներ ենք ուղարկել դեպքի վայր», – 24 TV-ին ասել է նախարարը։
Նախարարը նշել է, որ նավը պատկանում է օտարերկրյա ընկերության, բայց կառավարվում է թուրքական ընկերության կողմից։ Միևնույն ժամանակ թուրքական իշխանությունները դեռևս չեն պարզել, թե որ ընկերությանն է պատկանում լցանավը։