Իրանը կոշտացնելու է դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում. թուրքագետ

Վարուժան Գեղամյանի խոսքով` Իրանում ներքին վերադասավորման փուլ է, ինչի արդյունքում անվտանգության ոլորտի ներկայացուցիչների ազդեցությունը սկսում է գերակայել հոգևորականության և քաղաքացիական գործիչների կարծիքի նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Իրանում որոշումների կայացման գործում զինվորականների դերը մեծանում է, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նրա գնահատմամբ՝ եթե Թեհրանին հաջողվի ներկայիս փուլից դուրս գալ առանց էական թուլացման, ապա տարածաշրջանում ուժերի բալանսը կարող է փոխվել հենց Իրանի նախաձեռնությամբ։
«Հենց հիմա մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Իրանը փոխում տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը։ Սա նշանակում է, որ Իրանն իր երկրում և անմիջական հարևանությամբ ցանկացած որոշում ընդունելիս առաջնորդվելու է մեկ հիմնական չափորոշիչով՝ գերանվտանգությամբ։ Այս մոտեցումն անմիջապես անդրադառնալու է նաև Հարավային Կովկասին, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին։ Եթե նախկինում Իրանի հայտարարած «կարմիր գծերի» հարցում շատերը կասկածում էին՝ դա համարելով բանակցային դիրքորոշում, ապա այժմ իրավիճակն այլ է։ Վստահ եմ՝ հիմա նրանք հստակ հասկանում են, որ տարածաշրջանում ամերիկյան կամ թուրքական ներկայությունը լրիվ այլ անվտանգային իրավիճակ է ստեղծելու Իրանի համար։ Հետևաբար կարծում եմ` Իրանի դիրքորոշումն այս հարցում շատ ավելի է կոշտանալու»,– ասաց նա։
Եթե Իրանը թուլացած դուրս գա այս պատերազմից, ապա, ըստ Գեղամյանի, կլինի հակառակը` Թուրքիան և Ադրբեջանը է՛լ ավելի կմեծացնեն Իրանի վրա ճնշումը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով։
Թուրքագետը նշեց, որ Իրանում հիմա ներքին վերադասավորման փուլ է, որի արդյունքում ուժեղանում է անվտանգության ոլորտի ներկայացուցիչների ազդեցությունը։ Ըստ Գեղամյանի` զինվորականների դերը զգալիորեն աճելու է՝ գերազանցելով հոգևորականների և քաղաքացիական գործիչների ազդեցությունը։
«Սա տեսանելի է նաև նրանով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները նշանակվում են քաղաքացիական պաշտոնների։ Եթե այս միտումը շարունակվի, ապա որոշումների կայացման գործընթացում գերակշիռ խոսքը պատկանելու է հենց զինվորականներին։ Իսկ դա նշանակում է, որ բոլոր հարցերը դիտարկվելու են առաջին հերթին անվտանգության տեսանկյունից։ Սա նաև նշանակում է, որ Իրանը շատ ավելի սուր է ընկալելու թուրքական և ադրբեջանական գործոնները»,– հավելեց թուրքագետը։
Միևնույն ժամանակ Գեղամյանը զգուշացրեց, որ Իրանի հնարավոր թուլացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ նման սցենարը կարող է առաջացնել լայնածավալ ճգնաժամ՝ սկսած անվտանգային խնդիրներից մինչև միգրացիոն հոսքեր։
«Իրանի հնարավոր թուլացումը կամ փլուզումը կարող է դառնալ տարածաշրջանային «ցունամի», որի գլխավոր զոհը հենց Թուրքիան է լինելու՝ սկսած քրդական վտանգից, ավարտած միլիոնավոր մարդկանց անվերահսկելի գաղթով, որը ուղղակի կտապալի առանց այդ էլ շատ փխրուն թուրքական տնտեսությունը։ Բայց Թուրքիան և Ադրբեջանը, այնուամենայնիվ, հնարավորինս օգտվելու են այս վիճակից, և նրանք հնարավորինս մեծացնում են իրենց ազդեցության գործիքներն Իրանի վրա»,– ասաց Գեղամյանը։
Թուրքագետը հավելեց, որ այս ազդեցությունը դրսևորվում է ինչպես դիվանագիտական մակարդակում, այնպես էլ Իրանի ներսում որոշակի խմբերի ակտիվացմամբ։ Նրա խոսքով՝ Անկարան նաև փորձում է միջնորդական դեր ստանձնել, ինչը կարող է կախվածություն ստեղծել Թեհրանի համար։
Գեղամյանը նշեց` Թուրքիան և Իրանը երկար տարիներ մրցակցում են տարածաշրջանում ազդեցության համար, և այս մրցակցությունը շարունակում է մնալ արդիական։ Նրա խոսքով՝ Թուրքիան Իրանին դիտարկում է որպես աշխարհաքաղաքական մրցակից, իսկ Ադրբեջանում Իրանը հաճախ ընկալվում է որպես ավելի լուրջ սպառնալիք։ Միաժամանակ թուրքագետը համակարծիք չէ, որ Թուրքիան կարող է հրաժարվել արևմտյան անվտանգային համակարգերից, ինչպես ակնարկում են որոշ թուրքական ԶԼՄ–ներ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: