Մինչև Իրանի շուրջ էսկալացիան իրավիճակն այնտեղ Թուրքիան գնահատում էր պայթյունավտանգ, բայց մինչև վերջին րոպեն հավատալով, որ զինված հակամարտությունից, այնուամենայնիվ, հնարավոր կլինի խուսափել։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոյի եթերում Արման Վանեսքեհյանի հեղինակային «Իրականում» հաղորդաշարում ասում է թուրքագետ Յաշար Նիյազբաևը։
Այսպես, Էրդողանը զգուշացրել էր, որ Իրանի դեմ գործողությունը կարող է «հրդեհել» հարևան տարածաշրջանները։ Երկրի ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, թե որքան մեծ է խնդիրը հենց Թուրքիայի համար։
Եվ խնդիրը միայն այն չէ, որ թուրքական տնտեսությունում լուրջ դեր ունեն Իրանից ներմուծվող էներգակիրները։ Ավելի կարևոր է իրանցի միգրանտների հնարավոր ալիքի հարցը, որը սպառնում է Թուրքիային, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները երկարաձգվեն։ Կա Սիրիայի փախստականների ալիքի ցավալի փորձը։ Բացի այդ Թուրքիայում հասկանում են, որ Իրանից հիմնականում կգան ոչ թե պարսիկները, այլ պակիստանցիներն ու աֆղանները։
Հասկանալի է, որ բազմաթիվ փախստականները նաև քաղաքական լծակ են արտաքին քաղաքական դաշտում իրենց շահերն առաջ տանելու համար։ Այն ժամանակ հենց այդպես էլ վարվում էր Թուրքիան՝ սիրիացի փախստականներին օգտագործելով որպես գործիք, մասնավորապես, Եվրամիության վրա ճնշում գործադրելու համար։ Սակայն Իրանի պարագայում նման ծրագրեր Թուրքիան չի կարող ունենալ։ Դեպքերի այսօրինակ զարգացման պարագայում բեռն ուղղակի անտանելի կլինի, քանի որ փախստականների թիվը կարող է մի քանի անգամ ավելի շատ լինել։
Թուրքական տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ բազաների թեմայով նախընտրում են լուռ մնալ
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կկարողանա Թուրքիային ներքաշել Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ, փորձագետը քիչ հավանական է համարում: Էրդողանը բավական ջերմ հարաբերություններ ունի Թրամփի հետ, և այդ գործոնը տվյալ դեպքում կարևոր է։ Համենայնդեպս, ի տարբերություն ԵՄ-ի, ուղղակիորեն Թուրքիայի վրա ԱՄՆ-ն ճնշում չի գործադրում, նույնը՝ նաև Ռուսաստանից էներգակիրների դեմ պատժամիջոցների դեպքում։ Ամերիկացիներին պարզապես բացատրել են, որ այլ տարբերակներ երկիրը չունի, և ԱՄՆ-ն դա հասկանում և ընդունում է։
Բանն այժմ նույնիսկ այն չէ, թե արդյոք Թուրքիան անմիջապես ռազմական գործողությունների մեջ կմտնի։ Ավելի շուտ այստեղ խնդիրը թուրքական տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաների օգտագործումն է։ Դրանք Ինջիրլիքն ու Կուրեջիքն են՝ հզոր բազաներ, որոնք թույլ են տալիս հետևել հսկայական տարածքների հենց ռազմական գործողությունների ծավալման գոտում։ Թուրքիան բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ այդ բազաները չեն օգտագործվում Իրանին հարվածելու համար։
«Նրանք ասում են, որ Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի բազայի հրամանատարը թուրք գեներալ է, և ամեն ինչ թուրքական ղեկավարության վերահսկողության տակ է։ Թեև քիչ հավանական է, որ հզոր ռադարները չեն աշխատում ամերիկացիների համար, բայց այդ թեման Անկարան կարծես շրջանցում է։ Թուրքիան իսկապես ամեն ինչ անում է, որ իրեն չներքաշեն պատերազմի մեջ և կտրուկ արձագանքում է արդեն տեղի ունեցած սադրանքներին»։
Տարածաշրջանում առաջնորդության համար պայքարում Իրանը թուրքերի համար արժանի մրցակից է
Քաղաքագետը համոզված է, որ սկզբունքորեն հնարավոր է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Մեծ Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն ավարտվելուց հետո (անգամ կարևոր չէ, թե ինչ արդյունքով)։ Իրանը ցանկացած ելքի դեպքում կթուլանա, այդ երկրի վերականգնման համար ժամանակ կպահանջվի՝ դա փաստ է։ Այդպես արդեն եղել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո, որից հետո տեսանելի էր, թե ինչպես իրանցիները հետ քաշեցին իրենց ուժերը Սիրիայից, որտեղ փլուզվեց Բաշար Ասադի ռեժիմը։
Մյուս կողմից, թուրքերն Իրանն ընկալում են որպես բավական արժանի հակառակորդ, որի հետ էլ մրցակցում են առաջնորդության համար՝ ընդունելով, որ այն հարգանքի արժանի հզոր տերություն է։ Եվ իր հանդեպ նման վերաբերմունքն Իրանն արդարացնում է նաև հիմա՝ բավական արժանապատվորեն հակադրվելով Միացյալ Նահանգներին և Իսրայելին։ Ըստ թուրքագետի, այս իրավիճակում թուրքական հասարակության համակրանքն ամբողջությամբ Իրանի կողմն է։