Իրանին օգնելու համար Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների

ԱԳ նախարարը կարևորել է աջակցությունը Իրանի քաղաքացիների տարհանման և մարդասիրական բեռների առաքման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ պետությունների՝ սրացման ֆոնին Մերձավոր Արևելքի երկրներից Իրանի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար:
«Շնորհակալություն եմ հայտնում Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և անգամ Սաուդյան Արաբիայի կառավարություններին՝ ուխտավորների տարհանման գործում համագործակցության համար։ Մեր հարևանները, այդ թվում Պակիստանը, նույնպես զգալի օգնություն են ցուցաբերել», - նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
Արաղչին նշել է նաև հարևան երկրների կողմից մարդասիրական օգնության, այդ թվում՝ դեղորայքի և սննդամթերքի տրամադրումը:
«Երախտապարտ ենք օգնություն ցուցաբերած բոլոր երկրներին։ Ոչ թե այն պատճառով, որ օգնության կարիք ունեինք, այլ իրանցի ժողովրդի հետ համերաշխությունը աշխարհին ցույց տալու համար», – հավելել է Արաղչին։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երևանը Թեհրանին մարդասիրական օգնություն է ուղարկել (հիմնականում դեղորայք):