«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին

Նախարարությունը «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» ծրագիր իրականացնելու նպատակ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ի` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից կփոխանցվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ 2015 թվականին «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ–ն տեղափոխվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո, և գրեթե մեկ տասնամյակ կինոարդյունաբերական այդ կառույցը չի գործել՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ:
Վերագործարկելով «Հայֆիլմի» ծրագիրը` նախարարությունը նպատակ ունի այն դարձնել ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» մասշտաբային ծրագրի ձևավորմանը:
Ըստ ԿԳՄՍՆ–ի` այս համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։
Հիշեցնենք` «Հայֆիլմը» սեփականաշնորհվեց 2003-2004 թվականներին։ Այն վաճառվեց «CS Media city» հոլդինգի մաս կազմող «Armenia Studios» ընկերությանը։ Ստուդիայի նոր տերերը, պայմանագրի համաձայն, պարտավորվեցին 10 տարվա ընթացքում 70 մլն դոլար ներդնել։ Ենթադրվում էր, որ տարեկան 4 գեղարվեստական, 3 մուլտիպլիկացիոն և 5 կարճամետրաժ ֆիլմ պետք է նկարահանվեր։
Սակայն գրեթե 10 տարում ոչ մի ֆիլմ չնկարահանվեց։ Շենքը տարիների ընթացքում շարքից դուրս եկավ, նույնիսկ կահույքն ու սարքավորումները դուրս հանեցին։
2015 թվականի ամռանը ստուդիան վերադարձրին պետությանը, քանի որ սեփականատերերը չկատարեցին խոստացած ներդրումներն ու ֆիլմերի թվայնացման հետ կապված իրենց պարտավորությունները։
2019 թվականին կառավարությունը որոշեց կինոստուդիան վարձակալության հանձնել «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊՀ–ին, իսկ 5 տարի անց` 2024 թվականին, «Հայֆիլմի» տարածքը հանրային գերակա շահ ճանաչվեց, որպեսզի տրամադրվի Ակադեմիական քաղաքին։