ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում ֆերմերները կշարունակեն հատուցում ստանալ հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի ցանքսի և բերքահավաքի ծախսերի 50 %– չափով: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ծրագիրը գործում է արդեն մի քանի տարի` պահպանելով նախկին ծավալը։ Աջակցությունը տրամադրվում է մինչև 100 հա ցանքատարածություն մշակող տնտեսություններին:
Փոխհատուցման չափը կազմում է 70 հազար դրամ մեկ հեկտար ցորենի և այլ հացահատիկների համար, 85 հազար դրամ՝ եգիպտացորենի, 100 հազար դրամ՝ հատիկաընդեղենի և 110 հազար դրամ՝ խոտի համար։
Վճարումները կատարվում են բերքահավաքից առաջ իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով` 2024 թվականին ծրագրի շրջանակում ցանվել է մոտ 20 հազար հեկտար։ 2026–2027 թթ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 27 հազար հեկտարի։
Նախարարը հիշեցրեց, որ այս ծրագրին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է մնալ սերտիֆիկացված սերմերի օգտագործումը: