ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Երևանում 20 տարեկան ուսանողուհուն սպանելու կասկածանքով կալանավորվածը փաստաբան է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
ՀՀ քննչական կոմիտեն երեկ` մարտի 25-ին, ներկայացրել էր 2022 թվականին տեղի ունեցած դեպքի մանրամասները` նշելով, որ մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է` ամուսինները հարվածել են երիտասարդ աղջկան, ապա նրան դուրս նետել պատուհանից, ամուսիններից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը (ՔԿ–ն միայն նրանց անվան և ազգանվան սկզբնատառերն էր հրապարակել` Ա.Թ. և Ե.Մ.):
«Սպանության կասկածանքով կալանավորվել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` 2022 թվականին լրատվամիջոցները հայտնել էին, որ հունվարի 21-ի առավոտյան 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 20 տարեկան Ինգա Ա.-ն է։ Դեպքից շուրջ 20 օր անց աղջիկը մահացել էր հիվանդանոցում։