ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների դեպքի կողմերը շարունակում են դժգոհել իրավապահների աշխատանքից։ Այսօր կառավարության գլխավոր շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին հրաձգության մասնակիցներից Տիգրան Մաթևոսյանի հարազատները։ Նրանք արդար դատաքննություն են պահանջում՝ պնդելով, որ գործն արդեն դատարանում է, սակայն թերի քննության արդյունքներով ու փաստերով։
Նշենք, որ Արտաշատում անչափահասների վիճաբանությունն ավարտվել էր երկու հոգու սպանությամբ: 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու ընտանիքից երկու մարդ է մահացել՝ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և 15-ամյա Ռուբեն Ռուբենյանը։ Եվս մի քանի անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Այս պահին գործով մեղադրյալ, 20-ամյա Տիգրան Մաթևոսյանի ազգականը՝ Արթուր Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ սկզբում Տիգրանը տուժող է ճանաչվել ու տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով։ Սակայն տուն վերադառնալուց երկու օր անց, ըստ Խաչատրյանի, ստացել է մեղադրյալի կարգավիճակ և տեղափոխվել կալանավայր: Նա վստահեցնում է, որ 15-ամյա Ռուբեն Ռուբենյանին սպանել է հենց նրա հայրը։
«Իր հայրը գալիս է, դանակով հարվածում մեր երեխուն, բայց դիպչում է իր երեխուն. Աստված իրենց արդեն պատժել է։ Մենք դատարանում կապացուցենք անմեղությունը, բայց հարց է՝ երբ, որովհետև միայն 1,5 տարի իրեղեն ապացույցներ են ներկայացնում։ Ինչո՞ւ երեխեքը բանտում նստեն։ Ասում են՝ գնացել են, որ հորը սպանեն, բայց հորը չկարողացան, երեխուն սպանեցին. դա աբսուրդ է։ Իմ եղբայրը ընտիր որսորդ է եղել ու երբեք չի վրիպել։ Եթե նա ուզենար սպանել, ապա մի փամփուշտով 2-3 հոգու կսպաներ, ոչ թե պատերին կամ օդ կկրակեր»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ իր ընտանիքի անդամները գնացել են հասկանալու, թե ինչու են ծեծել իր հարազատներին։
«Նրանք էլ ասել են՝ լավ ենք արել, մի բան էլ քիչ ենք արել։ Բա այդ ժամանակ մի հատ փայտով չխփե՞ր գլխին։ Բայց գնացել էին երեխեքին հաշտեցնելու։ Ձայնագրություն կա, որ երեխեքին ասում են՝ մենք գնում ենք երկու բառ խոսելու, ոչ մեկ մեր հետևից չգա»,- նշեց Խաչատրյանը։
Բողոքի ակցիա կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց
© Sputnik / Aram Nersesyan
Ակցիայի մասնակիցները նախ որոշեցին կառավարությունից քայլել դեպի դատախազության շենք, սակայն ընթացքում որոշեցին, որ ակցիան կշարունակվի Բարձրագույն դատական խորհրդի մոտ՝ արդար դատաքննության պահանջով։
Sputnik Արմենիան դիմեց դատախազություն` գործի հետ կապված մանրամասների ու հարազատների պահանջի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար։ Մեզ հայտնեցին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատարան է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 7-ին։
«Նշենք, որ ցուցարարների բարեկամ Տիգրան Մաթևոսյանը, խմբի կազմում գործող հանցակիցներ Արման Մաթևոսյանի և Լյովա Մանուկյանի հետ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի կրծքավանդակին, որի արդյունքում անչափահաս Ռոբերտ Ռուբենյանը մահացել է: Տեղեկացնենք նաև, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողություններով՝ տուժողների, վկաների, մեղադրյալների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով, տեսագրությունների զննություններով, փորձագիտական եզրակացություններով հիմնավորվել է մեղադրյալների հանցավոր գործողությունները, իսկ վկաների, տուժողների ցուցմունքների արժանահավատ լինելը գնահատվել է ձեռք բերված այլ ապացույցների համատեքստում, այլ ապացույցների հետ համակցության մեջ»,– հայտնեցին դատախազությունից։
Ըստ դատախազության՝ քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ապացուցման ենթակա բոլոր հանգամանքները։ Ըստ նրանց` քննիչները պարզել են գործի բոլոր մանրամասները, որոնք հաստատում են մեղքը։
Հիշեցնենք, որ Արտաշատի 46-ամյա բնակիչ Արտակ Մաթևոսյանի և 15-ամյա Ռուբեն Ռուբենյանի սպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի։