ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իրավապահ մարմիններին կոչ է անում հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ անչահասների ներկայությամբ ձերբակալություններից։
«Եթե կոնկրետ իրավիճակում` իրավական հիմքերի առկայության պարագայում, հնարավոր չէ խուսափել համապատասխան գործողության իրականացումից, չափազանց կարևոր է, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները, իրենց լիազորություններն իրացնելիս, հետևողականորեն առաջնորդվեն երեխայի լավագույն շահի ապահովմամբ և յուրաքանչյուր դեպքի համատեքստում ցուցաբերեն բավարար զգայունություն ու երեխայակենտրոն մոտեցում»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ արցախցի բազմազավակ մայր Գայանե Մեսրոպյանին Նոր Հաճնում իր տանը ձերբակալել են անչափահաս երեխաների ներկայությամբ և Դիլիջան քննչական բաժին տարել 7 տարեկան երեխայի հետ։ Պատճառը 1 տարի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված մեկնաբանությունն էր։
Մարտի 20-ին ԱԺ-ում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ հանձնարարել է այդ առնչությամբ ուսումնասիրություն իրականացնել։