Իրանում պատերազմը չի անդրադարձել Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման վրա․ Խուդաթյան

Սյունիքով անցնող մյուս խոշոր՝ Բարգուշատի թունելի կառուցման վերաբերյալ բանակցություններ են ընթանում ֆրանսիական ընկերության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանում պատերազմը չի անդրադարձել Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվող աշխատանքների վրա, որտեղ շինարարությունն իրականացնում է իրանական կապալառու ընկերությունը։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի համապատասխան հարցին։
«Աշխատանքն իրականացվում է օրացույցային գրաֆիկին համապատասխան, գործընկերներն այս ամբողջ ընթացքում շարունակել են որակյալ աշխատանք իրականացնել, այնտեղ շուրջ 45 տոկոս կատարված աշխատանք ունենք, երկու թունելները, որոնք նախատեսված էին, երկուսի փորման աշխատանքներն էլ ավարտվել են, 15 կամուրջներից 14-ի վրա ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում»,- ասաց Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ Քաջարան-Ագարակ հատվածում շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027թ․ տարեվերջին կամ 2028թ․ տարեսկզբին՝ կախված եղանակային պայմաններից։
Բացի այդ, նախարարը տեղեկացրեց, որ 2026թ․ ամռանը կմեկնարկեն Քաջարանի թունելի փորման աշխատանքները, իսկ Սյունիքով անցնող մյուս խոշոր թունելի՝ Բարգուշատի մասով բանակցություններ են ընթանում ֆրանսիական ընկերության հետ։
Հիշեցնենք` Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը: Ըստ նախագծի` Քաջարան–Ագարակ հատվածը կունենա 5 տրանսպորտային հանգույց,15 կամուրջ, մեծ թվով հենապատեր և այլն։