Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չկա. Բաղայի

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձն Իրանի համար աղետալի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով անունը չնշած պաշտոնյաներին, պնդել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին 15 կետանոց ծրագիր է փոխանցել Մերձավոր Արևելքի հակամարտությունից դուրս գալու վերաբերյալ՝ ԱՄՆ տնտեսության վրա դրա ազդեցության աճի ֆոնին։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չկա, ինչպես որ չի եղել Իրանի դեմ անօրինական պատերազմի մեկնարկից ի վեր 25 օրվա ընթացքում», – Բաղայիի խոսքերն է մեջբերում India Today հեռուստաալիքը։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձն Իրանի համար աղետալի է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: