ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հունգարիան դադարեցնում է Ուկրաինային գազի մատակարարումը մինչև Ռուսաստանից «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման վերսկսումը։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Նավթային շրջափակումը ճեղքելու և Հունգարիայի էներգամատակարարումն ապահովելու համար այժմ նոր միջոցներ են անհրաժեշտ։ Հետևաբար, մենք աստիճանաբար կդադարեցնենք Հունգարիայից Ուկրաինա գազի մատակարարումը, իսկ մնացած ծավալը կպահվի երկրի ներսում։ Մինչև Ուկրաինան նավթ չմատակարարի, նա Հունգարիայից գազ չի ստանա», – ասել է Օրբանը։
Հիշեցնենք, որ Հունգարիան փետրվարի 18-ին դադարեցրել էր Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումը, իսկ փետրվարի 20-ին արգելափակել էր Եվրամիությունից Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը՝ մինչև ՌԴ-ից նավթամատակարարման վերսկսումը: Պետեր Սիյարտոյի խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի ռեժիմի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» նավթամուղով՝ փորձելով Հունգարիայում էներգետիկ ճգնաժամ առաջացնել և ազդել ապրիլին կայանալիք ընտրությունների վրա:
«Դրուժբա» նավթամուղը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ ռուսական նավթի մատակարարման առանցքային ուղիներից մեկն է, որի հարավային ճյուղով հումքը մատակարարվում է, մասնավորապես, Հունգարիա և Սլովակիա. այդ երկրները մեծապես կախված են ռուսական նավթի մատակարարումներից: