Երևանում ամուսինները հարվածել էին 20-ամյա աղջկան, ապա նրան դուրս նետել պատուհանից

Ամուսիններից մեկը կալանավորված է, մյուսի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ավելի քան 4 տարի անց բացահայտվել է 20-ամյա աղջկա սպանությունը։ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում 2022թ․ հունվարի 21-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որն ի սկզբանե ներկայացվել էր որպես ինքնասպանություն։
Կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ա.-ն 2020թ․-ին ուսման նպատակով Վանաձորից տեղափոխվել է Երևան։ Նա բնակություն է հաստատել ընտանիքի հարազատներ՝ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում՝ նրանց հետ միասին:
Պարզվել է, որ դեպքին նախորդող օրը Ի.Ա.-ի և Ա.Թ.-ի միջև տանը տեղի է ունեցել վիճաբանություն։ Վեճի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի հետևանքով ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ Դրանից հետո ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից տուժողին դուրս են նետել, ինչի հետևանքով աղջիկը շուրջ 20 օր անց՝ փետրվարի 10-ին մահացել է:
Երեկ՝ մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Սպանություն» հոդվածի հատկանիշներով:
Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ե.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2022թ․ լրատվամիջոցները հայտնել էին, որ հունվարի 21-ի առավոտյան 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է։ Դեպքից ավելի քան 2 շաբաթ անց աղջիկը մահացել էր հիվանդանոցում։