ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հանրային կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային։
«Հաշվի առնելով Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքը և նրա համաձայնությամբ՝ Իրանի նախագահի հրամանագրով Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար»,-X սոցիալական ցանցում գրել է Թաբաթաբային։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ սպանված Ալի Լարիջանիի փոխարեն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Սայիդ Ջալիլին։
Լարիջանին, որին փոխարինելու է եկել նոր քաղաքական գործիչը, զոհվել է մարտի 17-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ընթացքում։ Թեհրանը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունն անվանել է ահաբեկչություն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է «խստորեն վրեժխնդիր լինել» նրա սպանության պատասխանատուներից։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: