Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով

Ձերբակալվածների մեծ մասը կասկածվում է ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ փոխանցելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Ըստ Իրանի հետախուզության նախարարության` 24 անձ ձերբակալվել է հարավային Համադան նահանգում գտնվող ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ փոխանցելու համար (այդ օբյեկտներից մի քանիսը հրետակոծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից)։
4-ը ձերբակալվել են երկրի արևմտյան մասում գտնվող Լուրեստան նահանգում. նրանք տեղեկություններ են հավաքել հակառակորդի հետախուզության համար։
Եվս 2-ը ձերբակալվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում՝ զենք տեղափոխելու համար։
Բացի այդ, ISNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի հյուսիսային մասում՝ Սեմնան նահանգում, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված 3 գործակալ է ձերբակալվել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: