Որքա՞ն ժամանակ է ԱՄՆ-ն նախատեսում պատերազմել
Պենտագոնը ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ 200 մլրդ դոլար է խնդրել Իրանի դեմ գործողությունները շարունակելու համար, և այս լուրջ գումարը բացահայտում է Սպիտակ տան նպատակները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի նորարարական զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը։
«Նույն ամերիկյան ԶԼՄ–ներից ինչ–որ մեկը դեռ գործողության սկզբում էր հաշվել, որ Իրանի դեմ պատերազմի մեկ օրը երկրի բյուջեի համար 1 մլրդ դոլար է արժենում։ Սա նշանակում է, որ զինվորականների պահանջած 200 մլրդ դոլարը հավասար է պատերազմի 200 օրվա։ Այ թե ինչի է պետք պատրաստվել, և ինչի են ձգտում Թրամփն ու նրա պատերազմի նախարար Հեգսեթը», – ասաց փորձագետը։
Միաժամանակ կասկածելի է, որ Կոնգրեսը նման գումար կհատկացնի։ Առավել ևս, որ արդեն հայտնի է` ԱՄՆ-ում իրանական թեմայով լուրջ պառակտում է առաջացել ոչ միայն հանրապետականների և դեմոկրատների, այլև գործող նախագահի համախոհների միջև։ Ռոդիոնովի խոսքով` բանը հասել է նրան, որ Թրամփը մաղում է իր հենարանի՝ MAGA շարժման ամենաակնառու անդամներին, իսկ ԶԼՄ–ներում ամենից հաճախ հայտնվող անձանցից մեկը՝ փոխնախագահ Վենսը, մի կողմ է քաշվել անհարմար վիճակի մեջ չընկնելու և շուրջը տիրող այդ կեղտի մեջ չթափախվելու համար։
Թրամփը պարտվել չի կարողանում
ԱՄՆ նախագահը ձգտում է պատերազմել մինչև վերջ, քանի որ պարզապես չի կարողանում պարտվել և հիմա էլ չի նահանջի։ Թեև ժամանակն արդեն նրա դեմ է աշխատում։ Փող ու զինամթերք է ծախսվում, որոնք ԱՄՆ-ն չի կարողանում լրացնել, արդեն զոհեր կան ամերիկացի զինվորների շրջանում, իսկ Իրանի երկնքում խոցվել է հինգերորդ սերնդի F-35 առաջին կործանիչը, ինչն անհնար էր համարվում։
Այնպես որ, եթե հետևենք տրամաբանությանը, պետք է ընդունել, որ որքան շուտ Թրամփը նահանջի, այնքան լավ՝ առաջին հերթին հենց իր համար: «Չէ՞ որ դաշնակիցների և ընդհանրապես ամբողջ աշխարհի առաջ ԱՄՆ–ի հեղինակության կորուստն ավելի վատ է, քան սեփական զինամթերքի պաշարները համալրելու անկարողությունը»,– համոզված է քաղաքագետը: Հասարակությունը տեսնում է և՛ երկրի բանակցելու, և՛ ինքնապաշտպանվելու անկարողությունը, և ամերիկացիները մտածում են`ինչպե՞ս է ԱՄՆ–ն որևէ մեկին պաշտպանելու Ռուսաստանից, Չինաստանից կամ նույնիսկ Հյուսիսային Կորեայից:
Ամեն դեպքում, եթե մենք համեմատենք ներկայիս գործողության ծախսերը անցյալում ԱՄՆ-ի արած ծախսերի հետ, ապա, փորձագետի խոսքով, ստացվում է, որ ներկայիս արկածախնդրության մեկ օրը երկրի բյուջեի համար քառակի թանկ է արժենում, քան, օրինակ, Վիետնամի պատերազմի մեկ օրը։ Ընդ որում` խոսքը ոչ միայն ֆինանսական կողմի մասին է, այլև Ամերիկայի հեղինակության կորստի։ Իսկ հետո շատ ավելի վատ է լինելու, այնպես որ Թրամփը պետք է հնարավորինս արագ հետքայլ կատարի։
Մսաղացից դուրս գալու և դեմքը պահպանելու համար պետք է դիմել Ռուսաստանին կամ Չինաստանին
Ըստ փորձագետի` Թրամփը հույսը դնում է անկարգությունների և ապստամբության վրա` կարծելով, որ Իրանի ժողովուրդը կհոգնի, էլիտան կփախչի, զինամթերքը, հրթիռները և անօդաչուները կսպառվեն։ Ու այդ սպասումների ընթացքում ԱՄՆ-ն պարտվում է հյուծման պատերազմում։ Մյուս կողմից պարզ է, որ Իրանը նույնպես դժվարություններ է կրում. հնարավորություններն իսկապես անսպառ չեն, ժողովուրդը հոգնել է, էլիտայի միջև լարվածությունն աճում է, հասարակությանը համախմբող գործիչներն էլ` սպանվել։
Հասկանալի է, որ արդյունքում ինչ-որ մեկը պետք է հանձնվի, բայց հասկանալի է նաև, որ պարտությունը ընդունելը երկու կողմերի համար էլ հավասարազոր է մահվան։ Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը պետք է այս մսաղացից դուրս գան` պահպանելով դեմքը։ Քաղաքագետը կարծում է, որ երկու կողմերն էլ շուտով որևէ բանակցային ուղու վրա դուրս կգան։ Ակնհայտ է, որ կապի բոլոր ուղիները ոչնչացվել են, ուստի դա արվելու է միջնորդավորված։ Ինչպե՞ս։ Լավագույն տարբերակը Ռուսաստանին կամ Չինաստանին ներգրավելն է։
Չինաստանի դեպքում խնդիրը մի փոքր ավելի բարդ է։ Թրամփը հետաձգեց իր այցը, քանի որ չէր ստացվում ՉԺՀ մեկնել հաղթողի և իրանական նավթը վերահսկողի դափնիներով։ «Բայց միևնույնն է` նրա շահերից է բխում Իրանի հետ որոշակի ոչ-ոքիի շուրջ համաձայնության գալը, և դա հնարավոր կլինի անել միայն ու միայն Ռուսաստանի կամ Չինաստանի միջնորդությամբ», – համոզված է Ռոդիոնովը։
Թրամփն անպայման կվերադառնա Հարավային Կովկաս
«Իրանի հարցի պատճառով Թրամփը ստիպված էր շեղել իր ուշադրությունը այլ աշխարհաքաղաքական ուղղություններից, այդ թվում՝ Հարավային Կովկասից, – ասում է փորձագետը: – Սակայն պետք է հասկանալ, որ նրա համար այդ ուղղությունը ևս ռազմավարական նշանակություն ունի: Եթե եվրոպացիներին պարզապես պետք է, որ այդ տարածաշրջանը խաղաղ լինի, և Կասպից ծովից էներգակիրներ հոսեն, ապա Թրամփն այլ մտադրություններ ունի: Նրան պետք է, որ ոչ միայն գործի TRIPP միջանցքը, այլև որ հենց ինքը այն վերահսկի»:
Դեռ Թրամփից առաջ ամերիկացի փորձագետները, վերլուծելով սպասվող աշխարհաքաղաքական ցնցումները, եկել էին այն եզրակացության, որ իրենք չեն կարողանա Չինաստանին հաղթել ո՛չ ռազմական, ո՛չ էլ տնտեսական ճանապարհով։ Սակայն կարելի է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ վերահսկողության տակ առնելով առևտրային այն ուղիները, որոնցով ապրանքները Եվրոպա են հասնում։ Քաղաքագետի խոսքով` հենց այս լոգիստիկ միջանցքներն են Չինաստանի գլխավոր զենքը։
Իսկ այսօր հենց Հարավային Կովկասով անցնող ճանապարհն է եվրոպական գայթակղիչ շուկա տանող ամենաանվտանգ ուղին դարձել չինական ապրանքների համար։ Հետևաբար դրա նկատմամբ վերահսկողությունը կարևոր է ԱՄՆ–ի համար։ Թրամփին չեն հետաքրքրում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ նույնիսկ ռեսուրսները. նա ցանկանում է վերահսկողություն հաստատել լոգիստիկայի նկատմամբ։ Այնպես որ, Ռոդիոնովի կարծիքով, երբ ԱՄՆ առաջնորդը ինչ-որ կերպ դուրս գա իրավիճակից կամ կարողանա Իրանի հարցը հետաձգել երկար ժամանակով, նա անպայման կվերադառնա Հարավային Կովկաս։