Եվս մեկ երկիր պատրաստ է պատերազմել Իրանի հետ. WSJ

Պարսից ծոցի երկրները քիչ–քիչ ներքաշվում են Թեհրանի դեմ հակամարտության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը մոտ է Իրանի դեմ հարվածներին միանալուն։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը պնդում է, որ պատերազմի մեջ մտնելը միայն ժամանակի հարց է։ Պատերազմից առաջ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվում էին օգտագործել իրենց օբյեկտները կամ օդային տարածքը Իրանը ռմբակոծելու համար, սակայն երբ Իրանը հարվածներ հասցրեց Սաուդյան Արաբիայի կարևոր էներգետիկ օբյեկտներին, իշխանությունները թույլ տվեցին ամերիկյան զորքերին օգտագործել Ֆահդ թագավորի անվան ավիաբազան, որ գտնվում է Արաբական թերակղզու արևմտյան մասում։
Արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը նույնպես զգուշացրել է, որ թագավորության համբերությունն անսահման չէ։ Նա հավելել է, որ ցանկացած պնդում, թե Պարսից ծոցի երկրները չեն կարող արձագանքել Իրանին, սխալ է։
Միևնույն ժամանակ «The Wall Street Journal»–ը գրում է` Պարսից ծոցի երկրները դժգոհ են, որ Իրանի դեմ հակամարտության համատեքստում չեն կարողանում ազդել ԱՄՆ–ի վրա։
«Պարսից ծոցի մի շարք երկրների ներկայացուցիչներ մի քանի օր է, ինչ դժգոհություն են հայտնում, որ ԱՄՆ վարչակազմի վրա ազդեցություն չունեն», – նշվում է հոդվածում։
Միևնույն ժամանակ, նույն ամերիկյան պարբերականի հաղորդմամբ, ԱՄԷ-ն տնտեսական միջոցներով մեծացնում է Իրանի նկատմամբ ճնշումը։ Դուբայում փակվել են Թեհրանի հետ կապված հաստատությունները, իշխանությունները դիտարկում են իրանական միլիարդավոր դոլարների ակտիվները սառեցնելու հնարավորությունը, ինչը կարող է սահմանափակել արժույթի և միջազգային առևտրի հասանելիությունը։
ԱՄԷ-ն քննարկում է իր զորքը Իրանին դիմակայելու համար ուղարկելու հարցը և ԱՄՆ-ին հետ է պահում հրադադարից, քանի դեռ Իրանի ռազմական ներուժը լուրջ վնաս չի կրել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: