Թրամփը մի շարք հայտարարություններ է արել «Իրանի հետ գործարքի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը . Արխիվային լուսանկար
Մի կողմից Վաշինգտոնը հայտարարում է գործարքի ուղղությամբ առաջընթացի մասին և պատրաստակամություն է հայտնում գնալ փոխզիջումների, մյուս կողմից՝ Իրանն ընդգծում է ուժային ճնշման առաջնահերթությունը և չի հաստատում, որ բանակցային գործընթաց է մեկնարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակվող էսկալացիայի ֆոնին հայտարարել է Իրանի հետ համաձայնագիր կնքելու բարձր հավանականության մասին, սակայն կողմերի դիրքորոշումները շարունակում են հակասական մնալ:
Նա ընդգծել է, որ Թեհրանի հետ պայմանավորվածության «իրական հնարավորություն» է տեսնում և ակնկալում է դրան հասնել մոտ ժամանակներս։ Ընդ որում, նրա խոսքով, շփումների նախաձեռնությունը եղել է իրանական կողմից։
«Նրանք իրենք են զանգահարել։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, և մենք պատրաստ ենք դրան։ Բայց դա պետք է լինի լավ գործարք՝ առանց նոր պատերազմների և առանց միջուկային զենքի»,-ասել է Թրամփը։
Վաշինգտոնի առանցքային պայմաններն են մնում հետագա էսկալացիայից հրաժարումը և Իրանում միջուկային զենքի հայտնվելը կանխելը։ Գործարքի քննարկվող չափանիշների թվում Թրամփը նշել է նաև իրանական հարստացված ուրանի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի հնարավոր կարգավորումը։
Այս համատեքստում ԱՄՆ-ն արդեն դիմել է մարտավարական քայլի՝ հինգ օրով հետաձգելով հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, որպեսզի «պատուհան» ստեղծի դիվանագիտական գործընթացի համար։
Միևնույն ժամանակ, Թեհրանը հրապարակայնորեն հերքում է ուղղակի բանակցությունների փաստը։ Իրանական աղբյուրների տվյալներով՝ իրենք կապի մեջ չի մտել ԱՄՆ-ի հետ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ միջնորդների միջոցով, իսկ ստացված ազդանշաններն ուղեկցվել են պատասխան գործողությունները շարունակելու վերաբերյալ կոշտ դիրքորոշմամբ։
«Թեհրանը կշարունակի պաշտպանվել, քանի դեռ չի հասել զսպման անհրաժեշտ մակարդակի»,-նշում են իրանական կողմին մոտ կանգնած աղբյուրները։
Հակամարտության սրացումը շարունակվում է փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Ի պատասխան՝ Թեհրանը գրոհում է իսրայելական թիրախները և ամերիկյան ռազմական օբյեկտները տարածաշրջանում։ Սրացումն արդեն ազդել է առանցքային էներգետիկ երթուղիների, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի վրա, ինչն ուժեղացնում է ռիսկերը գլոբալ շուկաների համար։