ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդիպել առաջիկայում։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Կրեմլը տեղեկացրել էր, որ Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով, քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը, այդ թվում` առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով»,– ասված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։