ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արտասահմանյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հեռախոսը՝ նրա հեռախոսահամարը ստանալով հունգարացի լրագրողից։
Նա արդարադատության նախարարությանը հանձնարարել է հետաքննություն անցկացնել, քանի որ միջադեպը կարող է դիտարկվել որպես հանցագործություն։
Պատճառը «Mandiner» կառավարամետ լրատվամիջոցի հրապարակումն է, ըստ որի` արտասահմանյան հատուկ ծառայությունները նախարարի հեռախոսազրույցների հասանելիություն են ստացել ընդդիմադիր լրագրող Սաբոլչ Պանիի օգնությամբ, որը կապեր ունի ուկրաինամետ ընդդիմության հետ։ «Հանցակից» են որակել նաև ընդդիմադիր Անիտա Օրբանին, որը կարող է Հունգարիայի արտգործնախարար դառնալ ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակի դեպքում։
«Կառավարության անդամի հեռախոսազրույցների գաղտնալսումը լուրջ ոտնձգություն է Հունգարիայի նկատմամբ։ Ես հանձնարարել եմ արդարադատության նախարարին անհապաղ հետաքննել Պետեր Սիյարտոյի հեռախոսազրույցների գաղտնալսման մասին տեղեկությունները», - գրել է Օրբանը սոցցանցում։
Սիյարտոն իր հերթին ասել է, որ շոկ է ապրել, երբ իմացել է, որ իր հեռախոսը գաղտնալսվում է հունգարացի լրագրող Սաբոլչ Պանիիի օգնությամբ։ Նրա խոսքով՝ զզվելի է, որ հատուկ ծառայությունների հետ ակտիվ կապեր պահպանող այս լրագրողը մոտ է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավարությանը։ Նա չի բացառել, որ այս լրագրողի գործողությունների միջոցով նպատակաուղղված աշխատանք է տարվել երկրում նոր ուկրաինամետ կառավարություն ձևավորելու ուղղությամբ։