ՄՍԾ աշխատակցին կաշառել են ու 1 տարվա նպաստ ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակիչների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը։ Նախաձեռնված քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը 2022 թվականին Լոռու մարզի բնակչից մեկ ամսվա նպաստի գումարի չափով կաշառք է ստացել ՝ դրա դիմաց չարձանագրելով նրա` ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները։ Պաշտոնատար անձը կազմել և հաստատել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ արձանագրություն։
Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև, որ այդ պաշտոնյան նույն չափի կաշառք ստացել է Լոռու մարզի մեկ այլ բնակչից: Արդյունքում՝ Լոռու մարզի երկու բնակիչներ ստացել են ընդհանուր 786.000 ՀՀ դրամի չափով նպաստի գումար:
Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով, 255–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով և 445–րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակիչների:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: