Լավրովն ու Արաղչին հեռախոսով քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Իրանի միջուկային ենթակառուցվածքներին հասցվող հարվածները հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Լավրովն անընդունելի է որակել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ-ին հասցվող ամերիկա-իսրայելական հարվածները, որոնք անթույլատրելի ռիսկեր են ստեղծում ռուսական անձնակազմի անվտանգության համար և աղետալի բնապահպանական հետևանքներով են հղի տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերը մտահոգություն են հայտնել, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից հրահրված հակամարտությունը կարող է տարածվել դեպի Կասպից ծովի ջրատարածք։
Ռուսական կողմը շեշտել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված կողմերի, առաջին հերթին՝ Իրանի օրինական շահերը։
Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը Իրանին ցուցաբերվող դիվանագիտական և այլ աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարման համար։
Նշվում է նաև, որ զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Թրամփը Պենտագոնին հանձնարարել է հետաձգել իրանական էլեկտրակայաններին ուղղված հարվածները