Խոշոր ավտովթար Աբովյան քաղաքում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
« Ժամը 00:40-ի սահմաններում Սյունիքի մարզում հաշվառված 19-ամյա Վարդան Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կիսակողաշրջվել։ Վթարի հետևանքով Վարդան Ա.-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Ամուր Ա.-ն, 20-ամյա Ռոբերտ Ղ.-ն և 19-ամյա Արամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորներից Վարդան Ա.-ն գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում։