ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Եվրամիության կողմից 2021 թվականին հայտարարված 2,6 մլրդ եվրո ֆինանսավորման ընդհանուր փաթեթից Հայաստանն արդեն ստացել է 1 մլրդ 496 մլն եվրո։ Այս մասին այսօր ԱԺ-ում եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։
Այդ միջոցները հիմնականում ստացվել են վարկերի տեսքով, այդ թվում՝ Եվրոպական ներդրումային բանկից՝ Հյուսիս–Հարավ ճանապարհի կառուցման համար։
«Բավականին էական կտոր տրամադրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Եվրոպական ներդրումային բանկից հայկական բանկերին, որ վարկային նոր միջոցներ կարողանան տրամադրել»,- ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է «Դիմակայունություն և աճ» ծրագրին, 270 մլն եվրո ծավալով բյուջեից արդեն 62,5 միլիոնը ծախսվել է, հաստատվել են 210 մլն-ի տեղաբաշխման և ծախսման ուղղությունները։
Բացի այդ, Կոստանյանը հավելել է, որ Եվրահանձնաժողովի գործընկերների հետ քննարկվում են մասնավոր եվրոպական կապիտալի ներդրումները խթանելու հնարավորությունները։