ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հույս ունեին, որ հարվածներից հետո Իրանում զանգվածային ապստամբություն կսկսվի, որն արագ իշխանափոխության կհանգեցնի, սակայն այդ սցենարը չիրականացավ։ Այս մասին գրում է «The New York Times»-ը «Իսրայելը խաղադրույք էր կատարել Իրանի ներսում ապստամբություն հրահրելու վրա, բայց ծրագիրը ձախողվեց» հոդվածում։
Ըստ ԶԼՄ–ի` իսրայելական հետախուզությունը կարծում էր, որ երկրի ներսում կարող է բողոքի ցույցեր հրահրել։ «Մոսադի» ղեկավար Դավիդ Բարնեան Բենիամին Նեթանյահուին համապատասխան ծրագիր է առաջարկել հնարավոր ռազմական սցենարի նախապատրաստման ընթացքում։
Սցենարի համաձայն` պետք է գործի դրվեր իրանական ընդդիմությունը, և գործողության առաջին իսկ օրերին լայնածավալ անկարգություններ հրահրվեին, որոնք հանգեցնեին ընդհուպ մինչև պետական համակարգի ապակայունացման և փլուզման։ Այս ծրագիրը Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են հունվարի կեսերին և ստացել Իսրայելի ղեկավարության հավանությունը։ Ավելի ուշ, ինչպես նշում է պարբերականը, Նեթանյահուն դժգոհություն է հայտնել, որ հետախուզության գնահատականները չեն արդարացել։
Սպասվող ներքին ճգնաժամի փոխարեն Իրանի իշխանությունները, ընդհակառակը, կարողացան ամրապնդել իրենց դիրքերը և ընդլայնել առճակատման մասշտաբները`հարվածելով տարածաշրջանի զգայուն թիրախներին։
Միևնույն ժամանակ ամերիկյան հետախուզությունն ի սկզբանե կասկածել է նման սցենարի հաջողությանը։ Այժմ, գնահատականների համաձայն, Իրանի գործող քաղաքական ռեժիմը կպահպանի վերահսկողությունը երկրի նկատմամբ։
Հիշեցնենք` Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: