ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ իրանական էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածները հետաձգելու ամերիկյան որոշումը էներգակիրների գները իջեցնելու և երկրի նկատմամբ ռազմական ծրագրերն իրականացնելու համար ժամանակ շահելու փորձ է: Այս մասին հայտնել է իրանական «Mehr» գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը վերջին երկու օրում շատ դրական և արդյունավետ բանակցություններ են անցկացրել։ Նա նշել էր, որ հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։
«ԱՄՆ նախագահի հայտարարություններն արվել են էներգակիրների արժեքը նվազեցնելու ջանքերի շրջանակում, ինչպես նաև սեփական ռազմական ծրագրերն իրականացնելու համար ժամանակ շահելու նպատակով»,- մեջբերում է գործակալությունը Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Գերատեսչությունը նաև նշել է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ լարվածության թուլացմանն ուղղված նախաձեռնություններ են առաջ քաշվել, սակայն Իրանը պատասխանել է, որ ինքը չի սկսել հակամարտությունը, և այդ հարցով բոլոր պահանջները պետք է ուղղել Վաշինգտոնին:
Ավելի վաղ «Fars» գործակալությունը, հղում անելով իրանական աղբյուրին, հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ-ի հետ չի շփվել ո՛չ ուղիղ, ո՛չ էլ միջնորդների միջոցով:
«Թրամփի հետ որևէ կապ չկա Թրամփը նահանջեց այն բանից հետո, երբ լսեց, որ թիրախ են դառնալու բոլոր էլեկտրակայանները (Մերձավոր Արևելքում. խմբ.)»,-ասել է գործակալության աղբյուրը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: