ԱՄՆ–ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր. Թրամփ

Դոնալդ Թրամփի խոսքով` եթե ԱՄՆ-ի և Իրանի առաջիկա բանակցությունները հաջող ընթանան, ապա հակամարտությունը կկարգավորվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր հեռախոսով: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք պատրաստվում ենք բանակցել այսօր, ամենայն հավանականությամբ` հեռախոսով», - լրագրողներին ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարը Թեհրանի հետ անցած բանակցություններն անվանել է իդեալական: Ամերիկյան կողմից մասնակցել են հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը հանգստյան օրերին կայացած բանակցություններում հարցերի մեծ մասի շուրջ գրանցել են ընդհանուր մոտեցումներ:
«Հիմնական կետերի վերաբերյալ շփման կետեր ունենք, ես նույնիսկ կասեի՝ գրեթե բոլոր կետերի վերաբերյալ կա համաձայնություն», - ասել է նա:
Թրամփը հավելել է, որ եթե ԱՄՆ-ի և Իրանի առաջիկա բանակցությունները հաջող ընթանան, ապա հակամարտությունը կկարգավորվի:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարեց, որ վերջին օրերին Վաշինգտոնի և Թեհրանի միջև դրական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել: Նրա խոսքով՝ Պենտագոնին հանձնարարված է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: