ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Քուվեյթից Հայաստան են վերադարձել 25 քաղաքացի, որոնց թվում են նաև ԵՊՀ ուսանողներ։ Նրանք մնացել էին այնտեղ Մերձավոր Արևելքում օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳՆ–ից նաև հայտնել են, որ Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու պատճառով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ 33 ՀՀ քաղաքացի։
«Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթերով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ 16 անձ: Մարտի 17-18-ն Քուվեյթում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ևս 9 քաղաքացու վերադարձին Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։ Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանի ուղեկցությամբ Քուվեյթում գտնվող 9 քաղաքացիներ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։ Նրանց թվում է եղել նաև ԵՊՀ ուսանողների խումբը»,– նշել է ԱԳՆ–ն։
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիներից մեկը Քուվեյթը լքել է իր նախընտրած ուղով, 2-ը՝ պլանավորում են վերադառնալ ՀՀ և 5-ը՝ նախընտրել են չլքել Քուվեյթը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: