Մեր նախնիները նույնպես շպարվել են, կոսմետիկ տարբեր պրոցեդուրաներ կատարել, միայն թե այն ժամանակ օգտագործում էին բացառապես բնական միջոցներ, որոնք իսկապես օգնում էին պահպանել կնոջ գեղեցկությունն ու երիտասարդությունը, այլ ոչ թե հոնքի տեղն աչքն էին հանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում դիզայներ, ազգագրագետ Վահե Քոթանյանը ներկայացրեց հետաքրքիր փաստեր մեր նախնիների շպարի, խնամքի միջոցների գաղտնիքների մասին։ Օրինակ` սուրման, որն այսօր կանայք օգտագործում են աչքերն ընդգծելու կամ ավելի մեծացնելու համար, նախկինում նաև պաշտպանական նշանակություն է ունեցել։
«Այն անվանում էին դեղդիր, որովհետև տատիկները սա անում էին հատուկ նպատակով։ Հաց թխելուց առաջ միշտ սուրմա էին քաշում, նոր էին հաց թխում, որովհետև ծխից սկսում է արցունք հոսել, իսկ բնական սուրման շատ օգտակար էր աչքի համար, չէր թողնում, որ աչքը ջրակալվեր։ Սուրման ստանում էին բնական այրված մոխրից, նախնական տարբերակը եղել է ցորենի հասկից հանված պատիճի այրված ծայրը, որը բնական վրձին էր։ Հետո, իհարկե, տարբեր միջոցներից սկսեցին ստանալ, օրինակ` խուրմայի կորիզի այրման արդյունքում (նաև կենդանական ճարպ էին ավելացնում)։ Այնքան էին այրում, որ փոշի էր դառնում, այն լցնում էին տարայի մեջ, ու մեր տատիկները բարակ ձողիկը բերանն էին դնում, խոնավացնում, հետո փոշու մեջ թաթախում և սուրման քաշում»,- պատմեց Քոթանյանը։
Նա հայկական նյութերում չի հանդիպել, որ տղամարդիկ սուրմա օգտագործեին, բայց տարբեր երկրներում նման սովորույթ եղել է, օրինակ՝ Աֆղանստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում։ Ազգագրագետի խոսքով՝ օրինակ` Եգիպտոսում օգտագործվող սուրման, ի տարբերություն հայկականի, քիմիական տարբեր օքսիդներ էր պարունակում, որոնք վնասակար էին օրգանիզմի համար, բայց անապատի պայմաններում, այնուամենայնիվ, օգնում էին աչքը պաշտպանել, օրինակ, մալարիայի մոծակից։
Հնում Հայաստանում դիմափոշի էլ էին օգտագործում, ավելի ճիշտ՝ որպես դիմափոշի հաճախ սովորական ալյուրն էր ծառայում։ Արդեն համեմատաբար ուշ ժամանակներում, երբ բրինձն էլ Հայաստան հասավ, սկսեցին նաև բրնձի ալյուր գործածել։ Իսկ ինչո՞ւ են ասում, թե «գեղեցկությունը զոհեր է պահանջում»։ Քոթանյանի խոսքով՝ տարբեր երկրներում կանայք, բառի բուն իմաստով, զոհ էին գնում, դանդաղ սպանում, քայքայում իրենք իրենց՝ թվացյալ գեղեցիկ լինելու համար։ Օրինակ` Չինաստանում կանայք դեմքը սպիտակեցնելու համար կապարի փոշի էին օգտագործում, ինչը թունավոր էր։ Եվրոպական տարբեր երկրներում էլ նման անառողջ մոտեցում կար գեղեցկության հանդեպ՝ բրնձի փոշուն մկնթույն էին ավելացնում։ Դրա համար էլ թագուհիներից շատերը 30-40 տարի էին ապրում։
«Արսենիումը մաշկի քաղցկեղ էր առաջացնում։ Շատ հաճախ պեղումների արդյունքում գտնված գանգի, ոսկորների լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում հենց դա է վերհանվում։ Քանի որ հնում նաև նրանց հետ թաղում էին տարբեր պարագաներ, որոնք կարող էին հանդերձյալ կյանքում պետք գալ, շպարի պարագաների հետազոտությունները թույլ տվեցին հայտնաբերել մկնթույնի գերդոզավորում, որի պատճառով կանանցից շատերը մաշկի քաղցկեղ էին ունենում»,- նշեց նա։
Իսկ Հայաստանում օգտագործվող կոսմետիկ միջոցները բնական ու օգտակար են եղել, օրինակ` դեմքը խոնավացնելու համար օգտագործում էին կաթի շիճուկ, թթվասեր և այլն, շրթներկի և այտաներկի փոխարեն՝ բազուկ, ելակ, կարմիր հատապտուղներ։
Մեր նախատատերն անգամ մազահեռացման յուրահատուկ տարբերակ էին հորինել՝ հին ժամանակների «էլոսը», որտեղ կարևոր դեր ուներ թոնիրը։
«Ոտքի մազերը հեռացնելու համար շաղախում էին թաց կիրը, քսում էին ոտքերին, հետո թաց կավով պատում էին և ոտքերը գոլ թոնրի մեջ կախում։ Այնտեղ կավը չորանում էր, հետո, երբ փշրում էին կավը, մազն էլ հետն էր պոկվում»,- պատմեց ազգագրագետը։
Նա նշեց`ամբողջ աշխարհը խոսում է Կլեոպատրայի խնամքի ձևերի ու միջոցների մասին, բայց իրականում մեր տատերն էլ պակաս չեն եղել։
Օծանելիքի հայրենիքը Ֆրանսիան է համարվում, մինչդեռ այնտեղ հայտնի դարձավ, որովհետև պալատական բարքերն ու հիգիենան այնքան վատ վիճակում էին, որ գարշահոտը թաքցնելու համար տարբեր եթերայուղեր էին գործածվում։ Իսկ հայ կանայք բնական անուշաբույր միջոցներ են օգտագործել, թեպետ ի տարբերություն եվրոպացիների՝ այստեղ հիգիենայի նման խնդիրներ չեն եղել. միշտ կարելի էր առնվազն մոտակա գետ գտնել լոգանքի համար։
Քոթանյանն ազգագրական նյութերում հետաքրքիր հիշատակություններ է գտել, օրինակ` ինչպես էին կանայք Արտամետի հայտնի խնձորը հագուստի տակ դնում։ Արտամետի խնձորը հայտնի է եղել անուշ բույրով։ Բացի օծանելիքի դեր ունենալը, խնձորը նաև խորհրդանշական իմաստ ուներ՝ պտղաբերություն։ Արտամետի խնձորը նաև ևս մի յուրահատկություն ուներ, երբ շարժում էիր, կորիզների ձայնն էր լսվում, հետևաբար չարխափանության խորհուրդ էլ ուներ։ Օծանելիք-մրգերից հայտնի էր նաև շամամը՝ սեխի փոքր տեսակը, որը նաև վաղ միջնադարյան շատ բանաստեղծներ կանացիության հետ են կապում։ Փոքրիկ շամամները ևս կանայք թաքցնում էին հագուստի տակ, որ անուշ բույր գար։
«Հայաստանում հարսանիքի ժամանակ օգտագործվող շատ հետաքրքիր մի օծանելիքի տարբերակ է եղել, անվանում էին գիլապ կամ գուլապ։ Դա վարդաջուր էր, որի պատրաստումը սկսվում էր հարսանիքից երկու շաբաթ առաջ։ Սովորական ջրի մեջ լցնում էին վարդի թերթիկներ, վրան ավելացնում դարչին և մեխակ, երբեմն էլ՝ խունկ, ու թողնում 2 շաբաթ թրմվելու։ Հարսանիքի օրը, երբ կապվում էր ուսկապը (կոզբանդ), աղջիկը բերում և այդ վարդաջուրը ցողում էր փեսացուի վրա, այսինքն՝ օծում էր նրան եթերայուղով, որ լավ բուրմունք լիներ, երկրորդն էլ դա սիրո խորհրդանիշ էր։ Հարսանեկան ծեսում կան հիշատակություններ, երբ հարսի մազերն էին լվանում վարդաջրով»,- պատմեց Քոթանյանը։
Ընդունված էր նաև մեխակը, հաճախ այն կարում էին հագուստի օձիքին, հագուստի թևերին, շրջազգեստի ներքևի հատվածում, և շարժվելու ընթացքում անուշ բույր էր տարածվում։ Լայն կիրառություն ուներ խունկը` ոչ միայն որպես անուշաբույր, այլև մանրէասպան միջոց, հանգուցյալի կողքին խունկ էին հաճախ վառում, որ վատ բույրերը ցրեր։ Աստիճանաբար խունկը նաև ծեսի մաս դարձավ։
Մի առանձին պատմություն է սանրվածքը․ կանայք ավելի շատ ոչ թե գեղեցության հետևից էին ընկնում, այլ բովանդակություն էին դնում։ Օրինակ` որոշ շրջաններում ընդունված էր՝ չամուսնացած կանայք երկու հյուսք էին անում, իսկ ամուսնանալուց հետո՝ մեկ․ դա միավորվելու խորհրդանիշ էր։ Մազերի բախտը բացելն էլ էր կարևոր։ Մուշում ընդունված մի տարբերակ կար` երբ կնոջ ամուսինը երիտասարդ տարիքում մահանում էր, կնոջը սգից հանելու համար քառասունքը լրանալուց հետո մազերի բախտը բացում էին ու բախտագծի վրա հինա էին ցանում։ Այդպես երիտասարդ կինը կարծես թույլտվություն էր ստանում երկրորդ անգամ բախտը բացելու՝ ամուսնանալու։
Իսկ Վան-Վասպուրականի շրջանում ընդունված չէր, որ կանանց մազերն արձակ լինեին. դրանք ծածկված էին, կամ արհեստական ծամթել մազեր էին դրվում։ Բնական մազը չէր երևում, որովհետև այն համարվում էր սրբություն և բարոյականության ցուցիչ։ Դրա համար էլ եթե կինն անբարոյականություն էր գործում, մազերը կարճ կտրում էին ու այդկերպ պախարակում։ Որոշ շրջաններում էլ կինը մազերը կտրում էր ամուսնու մահից հետո՝ որպես հավերժական սիրո խոստում, կամ էլ մազերից մի փունջ կտրում, հանգուցյալ ամուսնու սրտին էր դնում։ Քոթանյանի խոսքով՝ այստեղ էլ հին աշխարհի հավատալիքներից նշույլ կա՝ մազից մի փունջ սիրելիի հետ անդրաշխարհ էր ուղարկում՝ հետագայում միավորվելու հավատով։