Անօդաչու ավիացիայի ուսումնական կենտրոնի հիմնադիր, Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը կարծում է, որ հիմա Իրանը հակառակորդի դեմ հյուծող պատերազմ է վարում:
Ադրբեջանը հազիվ թե ռիսկի դիմեր և թույլ տար, որ իր տարածքից հարվածեին Կասպից ծովին։
Եթե հարց տանք, թե ինչպես է Իսրայելին հաջողվել հարվածել Կասպից ծովում Իրանի հրթիռակիր նավակներին, ապա առաջին հերթին պետք է հիշել իսրայելական ավիացիան և «օդ-երկիր», «օդ-ծով» դասի հրթիռները, որոնք Իսրայելում իսկապես վատը չեն։ Այսպես է մեկնաբանում իրավիճակը անօդաչու տեխնոլոգիաների փորձագետ Մաքսիմ Կոնդրատևը:
Հարվածային տիպի անօդաչու թռչող սարքերով (օրինակ՝ իսրայելական «Հարոն» համալիրով) նման բան անելը բավականին դժվար է, պնդում է փորձագետը: Այդ հարվածային դրոնների գործողության շառավիղը մոտ 1000 կիլոմետր է, մինչդեռ Իսրայելից մինչև Կասպից ծովում Իրանի ռազմածովային նավահանգիստներ հեռավորությունը գերազանցում է 1500 կիլոմետրը: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ կան ինչ-որ նոր մշակումներ, տեխնոլոգիաներ, և դրոնները կարող են արձակվել ամբողջական «երամով», բայց դա քիչ է հավանական:
Կարելի է նաև ենթադրել, որ, ասենք, Իսրայելը կարող էր փորձել օգտագործել Ադրբեջանի տարածքը (այնտեղ իսրայելցիների հետախուզական-ռազմական բազաներ կան- խմբ.): Բայց այդ դեպքում էլ քաղաքական բնույթի բազմաթիվ հարցեր կառաջանան՝ ոչ այնքան հարմար պատասխաններով: Փորձագետի խոսքով՝ հարցն այն է, որ մարտական գործողությունների ամբողջ դաշտը շատ ուշադիր վերահսկվում է Չինաստանի տիեզերական արբանյակային հետախուզական խմբավորման կողմից։
«Իսկ թե որքան լավն է չինական արբանյակների օպտիկան, մենք լավ գիտենք։ Նրանց հաջողվում է նկարահանել ամերիկյան ռազմական ավիացիայի ցանկացած թռիչք մերձավորարևելյան բազաներից։ Այնպես որ, նույն Ադրբեջանը հազիվ թե նման ռիսկի գնար և տրամադրեր իր տարածքը: Նա փորձում է հեռու մնալ իրանական տարածքում ընթացող մարտական գործողություններից: Ամեն դեպքում, չինական կողմն առայժմ ոչ մի նման բան չի հրապարակել»:
Բրիտանացիներն ու անգլիացիներն այս պահին թքած ունեն Ուկրաինայի վրա. այնտեղից ամեն ինչ մաքրում-տանում են
Ինչ վերաբերում է մարտի դաշտում ներկայումս ստեղծվող ընդհանուր իրավիճակին, ապա ԱԹՍ-ների մասնագետն իր նկատառումներն ունի: Նրա կարծիքով՝ Իրանի դեմ ռազմական գործողության նախագծողները լուրջ սխալ են թույլ տվել այն առումով, որ հաշվի չեն առել ռազմական գործողությունների հնարավոր մարտավարությունը: Իրանական զորքերը կարող են իրենց թույլ տալ Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ նույնիսկ գոյատևման պատերազմ վարել, քանի որ, ինչպես պարզվեց, պահուստում հրթիռների և դրոնների լուրջ պաշար ու ներուժ ունեն:
«Արժե համեմատել։ Օրինակ՝ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրն արժե չորս միլիոն դոլար: Համեմատության համար՝ հիանալի Shahed-136 անօդաչու համալիրն արժե ընդամենը մի քանի տասնյակ հազար: Ուստի հիմա հարձակվող կողմը իրանական դրոնները ոչ այդքան թանկ մեթոդով ոչնչացնելու միջոց է փնտրում, այլապես այնտեղ արդեն հրթիռների դեֆիցիտ է առաջացել»:
Իսկ այն, որ Բրիտանիայում Ուկրաինայի համար արտադրվող դրոնները հանկարծ հայտնվել են (կամ դեռ կհայտնվեն) Մերձավոր Արևելքում, զարմանալի ոչինչ չկա: Չէ՞ որ Ռուսաստանն արդեն սովորել է խոցել ուկրաինական տարածքում գտնվող արտադրամասերը, և դրանք տեղափոխում են ավելի հեռու՝ Մերձբալթիկա, հիմա ծրագրում են Ռումինիա տեղափոխել: Իսկ Բրիտանիայում, մասնագետի խոսքով, արտադրությունն արդեն իսկ կարգավորված էր։
Եվ հիմա հենց այդ դրոններն են տեղափոխում Մերձավոր Արևելք՝ ամերիկյան բազաների և Պարսից ծոցի երկրների պաշտպանության համար: Այդ հատվածը նրանց համար շատ ավելի կարևոր է, չէ՞ որ հենց այնտեղով՝ Հորմուզի նեղուցով են հոսում նույն բրիտանացիների և ամերիկացիների հսկայական գումարները: Իսկ Ուկրաինա՞ն: Հիմա նրանք ընդհանրապես թքած ունեն Ուկրաինայի վրա: Այնտեղից, հավանաբար, մաքրում-տանում են այն ամենը, ինչ հնարավոր է: Այլ հարց է, որ այդ գործընթացը փաթեթավորում են ինչ-որ քաղաքական տերմինաբանությամբ, ամփոփում է Կոնդրատևը։