ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի Սմորոդինո գյուղում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Երկու մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է Գրայվորոնսկի շրջանի Սմորոդինո գյուղում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով», - գրել է Գլադկովը Max հարթակում։
Նրա խոսքով՝ հարվածն ուղղված է եղել սոցիալական օբյեկտի, և փլատակներում կարող են մարդիկ լինել։
«Նախնական տվյալներով՝ երկու կին է զոհվել», - գրել է նա:
Մարզպետը նշել է, որ ծանր վիճակում գտնվող ևս մեկ կնոջ՝ բեկորային բազմաթիվ վնասվածքներով, նախաբազկի կոտրվածքով, բնակավայրի ղեկավարը տեղափոխել է Գրայվորոնսկի կենտրոնական հիվանդանոց: Վիճակը կայունացնելուց հետո նա կտեղափոխվի Բելգորոդի բժշկական հաստատություն։
Գլադկովը հավելել է, որ սոցիալական օբյեկտի շենքը քանդվել է։ Բացի այդ, կրակը ոչնչացրել է առևտրի օբյեկտ։ Մարզպետը հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում փլատակները մաքրելու ուղղությամբ, ինչը դժվարացել է անօդաչու թռչող սարքերի բարձր ակտիվության պատճառով:
ՀԳ. Ավելի ուշ մարզպետը հայտնել է, որ փլատակներից դուրս են բերել ևս 2 կնոջ մարմին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։