ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցներն այս գիշեր Ռուսաստանի մարզերի վրա որսացել և ոչնչացրել են 283 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մարտի 20-ի ժամը 23:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև մարտի 21-ի ժամը 7:00-ը, հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 283 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բրյանսկի, Սմոլենսկի, Կալուգայի, Բելգորոդի, Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի, Տուլայի, Ռյազանի, Կուրսկի, Սարատովի, Սամարայի մարզերի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի և Մոսկվայի շրջանի տարածքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։