ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Իրանն առաջին անգամ հարձակվել է իր սահմաններից 4000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Հոդվածում նշված է, որ 2 միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ են արձակվել Դիեգո Գարսիա ռազմական բազայի վրա, որը ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի համատեղ օբյեկտ է Հնդկական օվկիանոսում։ Դա ռազմավարական բազա է, որտեղ ամերիկացիները տեղակայում են ռմբակոծիչներ, միջուկային սուզանավեր և ականակիրներ։
Ըստ լրատվամիջոցի` հրթիռները վրիպել են իրենց նշանակետից. 1–ը վթարի է ենթարկվել մոտենալիս, իսկ 2–րդը խափանվել է ամերիկյան ռազմանավով։
«Սա առաջին անգամն է, որ Թեհրանը փորձել է հարձակվել տարածաշրջանից շատ հեռու գտնվող թիրախի վրա»,–գրում է պարբերականը` հավելելով, որ Իրանից հազարավոր կիլոմետրերի վրա թիրախավորումը ենթադրում է, որ իրանական հրթիռների իրական հեռահարությունը գերազանցում է Թեհրանի կողմից պաշտոնապես հայտարարված 2000 կիլոմետրը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։