ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը շաբաթվա ընթացքում «հատուցման հարվածների» շարք են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին և հայտնել են մի շարք ուղղություններով ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին։
Ինչպես հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ռուսական զորքերը մեկ զանգվածային և վեց խմբակային հարված են հասցրել՝ ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ իրականացված հարձակումների։
Գերատեսչության տվյալներով՝ խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ինչպես նաև վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և օդանավակայանային ենթակառուցվածքների օբյեկտներ։ Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել հարվածային ԱԹՍ-ների արտադրության ու պահպանման վայրերին, դրանց արձակման կետերին, ինչպես նաև ուկրաինական ստորաբաժանումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման շրջաններին։
ՊՆ-ն հայտնել է նաև ռազմաճակատի տարբեր հատվածներում տիրող իրավիճակի մասին։ Այսպես, «Արևմուտք» խմբավորման պատասխանատվության գոտում շաբաթվա ընթացքում, ըստ գերատեսչության, ուկրաինական զորքերը կորցրել են ավելի քան 1250 զինծառայող, 30 միավոր զրահատեխնիկա, 157 ավտոմեքենա, 15 հրետանային միջոց, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի չորս կայան և զինամթերքի 23 պահեստ։
Նշվում է, որ խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Ալեքսանդրովկա բնակավայրի նկատմամբ և խոցել են ուկրաինական մի շարք բրիգադների ուժեր։ «Հյուսիս» խմբավորման գործողությունների գոտում, ըստ ռուսական ռազմական գերատեսչության տեղեկությունների, ուկրաինական կողմի կորուստները գերազանցել են 1600 զինծառայողը։
Հաղորդվում է նաև ութ մարտական զրահապատ մեքենաների, ավելի քան 70 ավտոմեքենաների, տասը հրետանային միջոցների, ռադիոէլեկտրոնային պայքարի ութ կայանների և զինամթերքի 47 պահեստների ոչնչացման մասին։
Նշվում է, որ վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Սոպիչ բնակավայրը։ ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ հարվածներ են հասցրել ուկրաինական տարբեր միավորումների ստորաբաժանումներին, այդ թվում՝ մեքենայացված, գրոհային, օդադեսանտային և տարածքային պաշտպանության բրիգադներին։